Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նոյեմբերի 25-ին որպես խոսնակ հանդես է եկել «Տեխնոլոգիաների կիրառությունը գյուղատնտեսության ոլորտում» թեմայով պանելային քննարկման ժամանակ։ Քննարկումը կազմակերպվել էր «Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումների շարքի շրջանակում, որը նախաձեռնել էին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը եւ Ինժեներական ասոցիացիան։ Քննարկման առանցքային հարցերը վերաբերում էին ագրոտեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններին, ագրարային կրթության, ոլորտի զարգացման նորօրյա միտումներին ու մարտահրավերներին, կադրերի պատրաստման եւ հարակից խնդիրներին։
Ռեկտոր Ուռուտյանը մասնավորապես առիթ ունեցավ ներկայացնելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ նորարարական գյուղատնտեսության ենթաոլորտներն արտացոլող նոր կրթական ծրագրերը։ Խոսեց նաեւ ճշգրիտ գյուղատնտեսության, անօդաչու թռչող սարքերի՝ ագրոդրոնների, ինչպես նաեւ իրերի համացանցի (IoT)՝ գյուղատնտեսության ոլորտում կիրառությունների օգուտների մասին։
Պանելային քննարկման մասնակիների թվում էին ոլորտում գործող մասնավոր ընկերությունների եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ։
Այս տարի «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը եւ արվեստը» խորագրի ներքո անցկացված միջոցառումը միտված էր ներկայացնելու ճարտարագիտական վերջին ձեռքբերումները եւ խթանելու ոլորտի միջազգային եւ տեղական ներկայացուցիչների միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև` տեխնոլոգիական առումով միջոլորտային կապերի ձեւավորումը։ Միջոցառման բացմանը ներկա էին ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, ԱՄՆ ՄԶԳ, Համաշխարհային բանկի հայաստանյան առաքելությունների ներկայացուցիչներ։
Միջոցառումների շրջանակում «Ինժեներական քաղաք»-ում կայացել է ճարտարագիտական ցուցահանդես, իսկ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ պանելային քննարկումներ «Երիտասարդություն եւ նորարարություն» թեմայով:
- 28/11/2023
- 2023