Միացյալ Նահանգներ այցի շրջանակում ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Տեխասի A&M համալսարանում։ Գյուղատնտեսական տնտեսագիտության դեպարտամենտի ղեկավար Ռուդի Նայգայի հետ քննարկվել են ավելի քան 20-ամյա գործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։
Այնուհետեւ եղան հանդիպումներ հին գործընկերներ, ՀԱԱՀ ոսկե մեդալակիր Գլեն Շինի եւ Գերի Բրայերսի հետ, որոնք տարիներ առաջ, այն ժամանակ՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի կրթական բարեփոխումների ծրագրի շրջանակում արժեքավոր ներդրում են ունեցել, մասնավորապես, մեր համալսարանի դասախոսների վերապատրաստման գործում։ Հաճելի հանդիպումների շարքը շարունակվեց ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հիմնադիր տնօրեն (պաշտոնավարել է 2000-ից 2007 թթ․) դոկտ. Դենիել Դանի հետ հանդիպմամբ։
Միջազգային գյուղատնտեսության եւ զարգացման Նորման Բորլոգ ինստիտուտում ռեկտոր Ուռուտյանը հանդիպումներ է ունեցել տնօրեն Էլսա Մուրանոյի եւ աշխատակազմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով պարենային անվտանգության, կլիմայախելամիտ գյուղատնտեսության եւ ճշգրիտ գյուղատնտեսության բնագավառներում համագործակցության առկա հնարավորությունները։ Բորլոգ ինստիտուտը գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության եւ կրթական նախագծեր է իրականացրել 54 երկրներում։
Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջոն Նիքըլսը ռեկտոր Ուռուտյանին ընդունեց Քոլիջ Ստեյշն քաղաքի քաղաքապետարանում։ Բանն այն է, որ Տեխասի A&M համալսարանի եւ ՀԱԱՀ պատվավոր պրոֆեսորն այժմ Քոլեջ Ստեյշնի քաղաքապետն է։ Դոկտ․ Նիքըլսը ռեկտոր Ուռուտյանին պարգեւատրեց քաղաքի 85-ամյա հոբելյանը նշանավորող զինանշանով։
Պարոն Ուռուտյանը որպես հրավիրյալ դասախոս հանդես եկավ Տեխասի A&M-ի Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագրի տնօրեն դոկտ․ Վիկտորիա Սալինի դասի ժամանակ․ դասախոսության թեման ընդգրկում էր Հայաստանի գյուղատնտեսության առջեւ ծառացած մարտահրավերները, ոլորտում ներդրումների եւ զարգացման հնարավորությունները։