ՀԱԱՀ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը հայաստանյան պատվիրակության կազմում օրերս մասնակցել է Հնդկաստանի Կառնատակա նահանգի Բենգալուրու քաղաքում կայացած «Ավելի ուժեղ, ավելի համարձակ, ավելի լավ կրթություն բոլորի համար. կառուցենք համագործակցություն, բարելավենք կրթության որակը, իրագործենք հնարավորությունները» կրթության եւ կարողությունների Ասիական միջազգային գագաթնաժողովին:
Գագաթնաժողովին մասնակցել է աշխարհի տարբեր երկրների՝ կրթության ոլորտի շուրջ 300 ներկայացուցիչ՝ նախարարներ, քաղաքական եւ խորհրդարանական գործիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ ու արտադրության ոլորտի ղեկավարներ: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի գիտության քաղաքականության վարչության պետ Կարեն Ղարիբյանը, մեր ներկայացուցչից բացի պատվիրակության կազմում էին նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջազգայնացման եւ բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը:
Քառօրյա գագաթնաժողովի ընթացքում վեր են հանվել միջազգային կրթության ոլորտում առկա խնդիրները, քննարկվել ավելի ուժեղ, ավելի համարձակ, ավելի լավ կրթություն ստեղծելու/նախագծելու եւ իրականացնելու հնարավորությունները՝ սկսած կրթության քաղաքականության եւ ռազմավարության մշակումից մինչեւ իրագործում: Կարեւոր են համարվել կրթության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ներառումը, բոլոր կողմերի շահառուների ներգրավումն ու միջազգային համագործակցությունը, քննարկվել կրթության կառավարմանն ու բարելավմանն առնչվող մի շարք հարցեր:
Հնդկաստան կատարած այցի շրջանակում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է նաեւ «Դիդակ Ինդիա 2023» կրթության եւ հմտությունների միջազգային ցուցահանդեսին: Այցի շրջանակում Մարիամ Մովսիսյանը հնդիկ գործընկերների հետ քննարկել է ՀԱԱՀ համագործակցության հնարավորությունները, որոնք հիմնականում առնչվել են ուսանողների փոխանակմանն ու համատեղ գիտահետազոտական ուսումնասիրություններ կատարելուն:
Տիկին Մովսիսյանը հույս հայտնեց, որ Ասիական գագաթնաժողովը կարող է օգտակար լինել մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումների, կրթության զարգացման երկարաժամկետ ռազմավարական պլանավորման գործընթացի համար: