Հոկտեմբերի 19-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։
Հագեցած օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ռեկտորատի 2022-2023 ուստարվա որոշումների կատարողականին։ Գիտական քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցումից պարզվեց, որ բոլոր որոշումները կամ կատարված են կամ կատարման ընթացքի մեջ են՝ առանց ժամկետային մտահոգությունների։
Դեկանները, ուսումնական մասնաճյուղերի եւ քոլեջների տնօրենները զեկուցեցին ակադեմիական պարտքերի հանձնման գործընթացի մասին։ Ռեկտոր Վարդան Ուռուտյանի հանձնարարականն էր՝ խստորեն հետեւել կրեդիտային պարտքերի հանձնման եւ վերահանձնման ժամկետներին։ «Մեր խնդիրը կրթության որակը բարձրացնելն է, իսկ ժամկետների պահպանումը դրա գրավականներից մեկն է։ Ժամկետների հարցում սկզբունքային դիրքորոշումն արդեն ցույց է տվել իր կենսունակությունը որակի բարձրացման հարցում», – ասաց նա։
Վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերի վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը։ Ռեկտորատը որոշեց տարբեր տարակարգերով զեղչ տրամադրել 57 ուսանողի։
Ծրագրային հավատարմագրման համատեքստում մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) փաթեթների մշակման եւ գնահատման վիճակի մասին զեկուցեց Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը։ Կենտրոնի եւ դեկանատների համակարգված աշխատանքի շնորհիվ այս պահին արված է նախատեսված աշխատանքի շուրջ կեսը․ ընթացքը վերահսկելի է։
Ինչ վերաբերում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստման գործընթացի կազմակերպմանը, որքան էլ տպավորիչ են ցուցանիշները, անելիք միշտ կա եւ շատ։ Այսպես, ռեկտոր Ուռուտյանը շեշտադրեց առաջին հերթին մասնագիտական թեմաներով վերապատրաստման անհրաժեշտությունը՝ դասավանդման որակի բարձրացման, ուսումնական գործընթացի բարելավման միտումով, մասնավորապես՝ մասնաճյուղերում։ Ռեկտորը եւս մեկ անգամ խոսեց օտար լեզուների իմացության վիճակի մասին․ լեզուների չիմացությունը մեր շատ դասախոսների եւ ուսանողների զրկում է եւրոպական առաջատար համալսարաններում դասավանդելու, վերապատրաստվելու եւ ուսումնառելու բազմաթիվ հնարավորություններից, որ ստեղծում է համալսարանը։ Ռեկտորը դեկանատներին հանձնարարեց աշխատել ուսանողների հետ՝ հասկացնելով օտար լեզուներ սովորելու կարեւորությունը մասնագիտական կարիերայում։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանն այս առումով անհրաժեշտ համարեց դասընթացներին մասնակցությունից առաջ նախ հստակ կերպով գույքագրել դասախոսների կարիքները եւ թեմաների առաջնահերթությունները՝ ելնելով համալսարանի կարիքներից։