Ֆրուտենիա նախագծի շրջանակում սեպտեմբերի 27-ին ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսության ինտենսիվ այգում ՀԱԱՀ ագրոնոմիական աշխատանքների համակարգող-խորհրդատու, Ֆրուտենիա նախագծի փորձագետ Ներսես Կոստանյանը սիրով ընդունեց գյուղատնտեսական երեք քոլեջի ուսանողներին ու դասախոսներին։
Նախագծի պատասխանատուների հերթական նախաձեռնությունը նպատակ ուներ Նոր գեղիի ակ․ Աղաջանյանի անվան, Մասիսի եւ Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջների ուսանողներին ծանոթացնել ինտենսիվ այգիների կառավարման սկզբունքներին, ավանդական այգիների նկատմամբ ունեցած տնտեսական առավելություններին, էտի, ջրման, սնուցման, սորտափորձարկման եւ այլ աշխատանքների նորարարական մոտեցումներին։
Ուսանողներն ու դասախոսները մեծ հետաքրքրությամբ էին հետեւում պարոն Կոստանյանի՝ բազմահմուտ մասնագետի խոսքին, որի համակարգման ներքո գտնվող 1,5 հեկտար երեք տարեկան այգին, ներկաների վկայությամբ, 5 տարեկանի տպավորություն է թողնում։ Ի դեպ, 4 պտղատեսակների շուրջ 40 մշակաձեւերի (սորտերի) ծառեր ունեցող այգին ուսուցողական-փորձարարական է, եւ սորտափորձարկման աշխատանքների արդյունքների հասցեատերերը միայն Ագրարային համալսարանի եւ գյուղատնտեսական քոլեջների ուսանողներն ու հետազոտող դասախոսները չեն, այլ նաեւ՝ ֆերմերները, գիտահետազոտական հիմնարկները, այլ շահակիրներ։
Գյուղատնտեսական քոլեջների ներկայացուցիչները ծանոթացան նաեւ կաթիլային ոռոգման համակարգին։ Նրանք ստացան իրենց հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ՝ կոնկրետ պտղատեսակների աճեցումից, էտի նորարարական մոտեցումներից մինչեւ Ագրարային համալսարանում ագրոնոմիա եւ հարակից մասնագիտություններ սովորելու համար առկա հնարավորությունները։
«Ագրարային համալսարանում սովորելով՝ արդյոք լավ ագրոնոմ կդառնա՞մ» կարեւոր հարցին պարոն Կոստանյանի պատասխանն էր․ «Վստահաբար այո, այսօր համալսարանում ստեղծված են բոլոր պայմանները՝ կրթվելու, գործնական փորձ ձեռք բերելու եւ լավ մասնագետ դառնալու համար, մնում է լավ սովորել, լիարժեքորեն օգտվել այդ ուսումնական եւ գործնական հնարավորություններից, իսկ ավարտելուց հետո, մասնագիտական կյանքում երբեք չդադարել սովորել»։
Քոլեջականները Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսության այգուց դուրս եկան՝ իրենց հետ տանելով ահա այս «գաղտնիքը»։ Հանդիպումը նպատակային էր, արդյունավետ, օգտակար, տպավորիչ։ Մտահոգվելու առիթ կարծես թե չկա․․․ Միայն ափսոս, որ ոչ բոլոր ուսանողներին այն հետաքրքրեց։ Ուրեմն, բացի մեր առօրյա պարտականություններից, որ գուցեեւ լավ ենք անում, գուցեեւ շատ լավ ենք անում, բայց, ինչպես երեւում է՝ բոլորի համար չէ, որ անում ենք, օրինակ՝ այն աղջնակի, որը երազում է դառնալ «կոսմետոլոգ»՝ սովորելով գյուղատնտեսական քոլեջում․․․
Ամեն դեպքում ՀԱԱՀ համապատասխան ստորաբաժանումներն ու մասնագետները, Ֆրուտենիա նախագծի հետ համատեղ, պատրաստ են աջակցել գործընկեր քոլեջներին՝ ուսանողների հետագա մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցում։
- 27/09/2023
- 2023