Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Գյուղական կյանքի եւ ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնին ներկայացել էր վերջին տարիների լուրջ ձեռքբերումներով՝ արդիականացված կրթական ծրագրերով, թվային ու բարձրտեխնոլոգիական լուծումներով՝ գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերով, հողաչափական ու ջրաչափական գերարդիական սարքավորումներով, համալսարանի ուսումնափորձնական տնտեսություններում ստեղծված բերքուբարիքով, գինեսեր հանրության շրջանում արդեն հեղինակություն վայելող «Սերունդ» գինիով։
Այս ամենը Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում՝ Կանաչ արահետ ՀԿ-ի Կանաչ ուսուցման կենտրոնում սեպտեմբերի 16-ից 17-ը կայացած փառատոնում բարձր պատասխանատվությամբ ներկայացրեցին ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակիցները եւ մեր գեղեցիկ, ուժեղ ու նպատակասլաց ուսանողները։
Հայաստանում եւ արտերկրում արդեն մեծ հեղինակություն վայելող փառատոնը այս տարի մեկտեղել էր ավելի քան 200 ֆերմերների ու ֆերմերային խմբերի, ներառյալ բավականին մեծ թվով ֆերմերների մի շարք երկրներից։ Փառատոնի գերնպատակն է հարակայուն, կանաչ գյուղատնեսության զարգացմանն ու կայացմանը նպաստելը։
Բերքի տոնին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ջերմորեն շնորհավորեց փառատոնի մասնակիցներին, խոսեց նման միջոցառումներով կառավարության հետաքրքրվածության մասին։ Կառավարության ցանկությունն ու քաղաքականությունն է, որ գյուղատնտեսությունը կապակցվի ոչ միայն չարչարանքի հետ, այլ բարձր արդյունավետություն, բարեկեցություն, գեղագիտություն, առողջություն եւ առողջ ապրելակերպ հասկացությունների հետ, եւ նման միջոցառումներն ընդգծում են այս օրակարգը։ Վարչապետը նշեց, որ կառավարության նպատակն է՝ այսպիսի ընկալումը քաջալերելուց զատ, նաեւ հնարավորություններ ու պայմաններ ստեղծել՝ չիմացածը լրացնելու, սովորելու համար։
«Մենք այսօր հակասություններ եւ հակադրություններ ունենք երկրում: Մի կողմից մեր Ագրարային համալսարանը դիմորդների շրջանում, ցավոք, մեծ հետաքրքրություն չի առաջացնում, մյուս կողմից, օրինակ, ինտենսիվ այգեգործության ոլորտի մեր շատ տնտեսություններ, ժամում 700-800 եվրո աշխատավարձով գյուղատնտեսներ են հրավիրում Եվրոպայից»։
Վարչապետը խոսեց դպրոցներում տարածքների բարեկարգման, ժամանակակից գիտելիքներով դրանց մշակման, դպրոցամերձ հողամասերում ջերմատնային հատվածների ստեղծման գործում աշակերտներին ներգրավելու՝ կառավարության նախաձեռնությունների մասին, նշեց դրա կարեւորությունը մտածելակերպի թարմացման տեսակետից, «որովհետեւ աշխարհը փոխվում է եւ մտածողությունն էլ ծրագիր է»։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նույնպես ջերմորեն շնորհավորեց փառատոնի մասնակիցներին եւ շեշտեց, որ ոլորտում ներգրավված յուրաքանչյուրի ներդրումով է միայն հնարավոր ստեղծել կայուն գյուղատնտեսական համակարգեր։ Պարոն Խոջոյանը փառատոնը կարեւոր համարեց ոլորտում առկա ձեռքբերումները մեկտեղելու, համագործակցության միջոցով կայուն, կենսունակ եւ կանաչ ապագայի հասնելու գործում։
Ագրարային համալսարանը եղել է ինչպես տարեցտարի ավելի ու ավելի մեծ ազգային եւ միջազգային ճանաչում ձեռք բերող «Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնի», այնպես էլ այդ փառատոնի հիմնադիր Կանաչ արահետ ՀԿ-ի ստեղծման ակունքներում, ըստ ամենայնի խրախուսել ՀԿ-ի եզակի գործունեությունը, ֆերմերներին գործուն աջակցություն ցուցաբերելու նրա մոտեցումներն ու նվիրվածությունը հայ գյուղին ու գյուղացուն։ Համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք եղել են թիրախային, արդյունավետ եւ ապագային միտված։