Այսօր՝ օգոստոսի 31-ին, տեղի ունեցավ Ագրոնոմիական ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստ: Պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի խոսքը մոտավորապես պահում էր երեկ տնտեսագետների հետ հանդիպման ուղղվածությունն ու շեշտադրումները, որոնց արդեն անդրադարձել ենք: Բայց, ի տարբերություն նախորդ օրվա լսարանի, ագրոնոմներն ավելի աշխույժ էին, հետաքրքրված: Նրանք հարցեր տվեցին դասախոսների ատեստավորման անհրաժեշտության, ակադեմիական քաղաքի տեսլականի մասին:
Նիստի երկրորդ հատվածում դեկանը՝ գ.գ.թ., դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը ցուցադրական սահիկների միջոցով մանրակրկիտ ներկայացրեց 2022-23 ուսումնական տարվա հաշվետվությունը եւ ակնհայտ էր, որ բազմաթիվ դրվագներով ֆակուլտետի տվյալները ավելի քան գոհացնող են՝ դասախոսների ծանրաբեռնվածություն, կրթական ծրագրերի բազմազանություն, մագիստրատուրայի տեղերի պատշաճ համալրում: Ֆակուլտետի մասնագետները ամենասերտ համագործակցությունն ունեն ագարակատերերի՝ ֆերմերների հետ: Մեր գործընկերների խորհրդատվությանը սպասում են ամենուրեք:
Անցյալ տարի Ագրոնոմիականը համալսարանում առաջինը ստեղծեց արդյունաբերական խորհուրդ, որի կազմը պատկառելի է՝ համալրված է ոլորտի ճանաչված գործիչներով, եւ համոզված ենք, որ այն գործուն եւ գործունյա կառույց կլինի:
Իսկ աշխատանքային կիսամյակի արդյունքները պարզապես փայլուն են եւ օրինակելի մյուսների համար: Ուսանողների 90 տոկոսն արդեն աշխատանքը հաջողությամբ համատեղում է ուսումնառության հետ:
Ուսումնական նոր տարվա նախօրեին պարոն Տեր-Գրիգորյանը նվիրված-ստեղծագործ աշխատանք մաղթեց գործընկերներին, աշխատանք, որի արձագանքները նպաստ են բերելու երկրի տնտեսության զարգացման գործում: