ՀԱԱՀ ռեկտորն այցելել է Վանանդ Ագրո ընկերության այգիներ

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը Վանանդ Ագրո ՓԲ ընկերության գործառնական տնօրեն Բաբկեն Բաբայանի հրավերով այցելեց այդ ընկերության՝ Արմավիրի մարզում գտնվող նուշի պլանտացիաներ, ծանոթացավ նաեւ կաթիլային ոռոգման համակարգին: Վանանդ Ագրոն հայտնի է որպես գյուղատնտեսական նորարարական արտադրության եւ ոլորտի կրթության ծրագրերում աջակցություն ցուցաբերող ընկերություն:

Նուշի երիտասարդ՝ 1-4 տարեկան այգիներից, որ ընդհանուր առմամբ զբաղեցնում են 360 հեկտար, ընկերությունն այս տարի արդեն ակնկալում է շուրջ 50 տոննա բերք: Եւրոպական մի քանի մշակաձեւերի նշենիները գերազանց վիճակում են, տնկված են 7 x 5 մ սխեմայով, գտնվում են մասնագետների շուրջօրյա հոգատար հսկողության տակ: Բերքահավաքը կատարվելու է մեքենայական եղանակով: Ընկերությունը պլանավորում է մշակել նաեւ պիստակ: Կաթիլային ոռոգման ջրամբարի տարողությունը երկրում ամենամեծերից մեկն է՝ 100 հազար խորանարդ մետր:

Այցի ընթացքում քննարկվեցին համագործակցության մի շարք հնարավորություններ: Պարոն Բաբայանը սիրով ու պատրաստակամորեն ընդունեց ՀԱԱՀ բակալավրիատի ուսանողների աշխատանքային կիսամյակները, ինչպես նաեւ եւ Ա. Քոչինյանի անվան գուղատնտեսական քոլեջի՝ դուալ կրթական ծրագրով փորձուսուցումները Վանանդ Ագրոյում հյուրընկալելու՝ ռեկտոր Ուռուտյանի առաջարկը:

Վանանդ Ագրոն հայրենական գյուղատնտեսության ոլորտում գործող այն սակավաթիվ ընկերություններից է, որ համատեղում է նորարարական գյուղատնտեսության մոտեցումները հայրենաշեն սկզբունքների, կրթության առաջնային կարեւորության գիտակցման հետ: Ավելի քան 800 հա հողատարածքը՝ սահմանամերձ, ավելի ճշգրիտ՝ սահմանապահ քարքարոտ գոտում՝ Արաքսի ափին, աստիճանաբար վերածվում է դրախտային այգիների եւ, անշուշտ՝ Ագրարայինի ուսանողների համար փորձուսուցման լավագույն վայրերից մեկի: