Ամառը ոչ միայն հանգստանալու, այլեւ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հրաշալի ժամանակահատված է, իսկ մասնագիտական ընտրության շեմին կանգած պատանիների համար՝ լրացուցիչ ազատ ժամանակ ու հնարավորություն՝ ապագա մասնագիտությանը եւ դրա առանձնահատկություններին մոտիկից ծանոթանալու, մտածելու-որոշելու համար:
Հենց այս մտայնությամբ էլ «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունը Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ եւ վերջինիս ֆինանսական աջակցությամբ արդեն երկրորդ տարին ՀՀ մարզերի ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպում է STEM մասնագիտական կողմնորոշման ամառային ճամբարներ: Ճամբարի նպատակը գիտությամբ հետաքրքրված աշակերտներին գիտությանն ավելի մոտ բերելն ու տարբեր ոլորտի գիտնականների աշխատանքի բնույթին ու նրանց ձեռքբերումներին ծանոթացնելն է, ինչպես ճամբարի համակարգող Ստելլա Ավետիքյանն է ասում՝ «ցույց տալ, որ գիտությամբ զբաղվելը եւս նորաձեւ է, գրավիչ ու եկամտաբեր»:
Ճամբարի ընթացքում մասնակիցները այցելում են գիտական կենտրոններ, ինստիտուտներ, համալսարանների գիտական (STEM) ուղղվածության ֆակուլտետներ, ունենում հանդիպումներ տարբեր ոլորտի գիտնականների հետ, հաղորդակից դառնում նրանց ձեռքբերումներին ու հաջողության պատմություններին։
Օրերս STEM ճամբարականներից 14-ը, որոնք հիմնականում Տավուշի մարզի Բերդ եւ Սյունիքի մարզի Սիսիան համայնքների երիտասարդներ էին, այցելեցին Ագրարային համալսարան՝ ծանոթանալու երկրի՝ ագրոտեխնոլոգիական գերազանցության գիտական կենտրոն դարձող միակ ագրարային բուհի հնարավորություններին եւ արդեն այսօր աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող ապագայի մասնագիտություններին:
Այցի ընթացքում ճամբարականները հանդիպեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ: Պարոն Ուռուտյանը, ողջունելով գիտությամբ հետաքրքրված երիտասարդների այցն Ագրարային համալսարան, նրանց ուշադրությանը ներկայացրեց ժամանակակից գյուղատնտեսության զարգացման միտումները, խոսեց գիտության, գյուղատնտեսության եւ տեխնոլոգիաների այլեւս անխզելի կապի մասին, վերջինների համադրմամբ ստեղծված նոր՝ ապագայի մասնագիտությունների (ճշգրիտ գյուղատնտեսություն, օրգանական գյուղատնտեսություն, ինտենսիվ այգեգործություն եւ այլն) պահանջարկի ու բարձր եկամտաբերության մասին:
Ռեկտորի հետ հանդիպումից հետո ճամբարական երիտասարդներն այցելեցին ՀԱԱՀ հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիա, մասնակցեցին շոկոլադի պատրաստման վարպետաց դասի՝ սեփական ձեռքերով պատրաստելով շոկոլադ:
«STEM ճամբարականները բավականին տպավորված էին Ագրարային համալսարան այցից՝ թե՛ ռեկտոր Ուռուտյանի հետ ունեցած ոգեշնչող զրույցից, թե՛ շոկոլադագործության վարպետաց դասից: Շնորհակալ ենք ջերմ հյուրընկալության համար, կարծում ենք, որ նրանցից ոմանք կվերադառնան Ագրարային համալսարան՝ արդեն որպես ուսանող»,- նշեց ճամբարի համակարգող Ստելլա Ավետիքյանը: