ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը Մերիդիան էքսպո կենտրոնում հուլիսի 29-30-ին մասնակցել է «Ֆեմիննո-23» խորհրդաժողովին, որը նորագույն տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում կանանց դերը, տաղանդն ու առաջնորդությունը գնահատող ամենախոշոր իրադարձությունն է Հայաստանում եւ տարածաշրջանում։ Մասնակիցներին առցանց ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Տարբեր ոլորտները, այդ թվում գյուղատնտեսությունը ներկայացնող մի շարք երկրների գլխավորապես կին գործիչների ներկայացրած ելույթներն ու ակտիվ քննարկումներն ընդգրկում էին բազմազան թեմաներ՝ արդյունաբերական մետատիեզերքից մինչեւ դրամի ապագան, Հայաստանի տնտեսական հզորացումից մինչեւ անձնական դրամապանակի հզորացում, ծրագրակազմերի ապագան ու տարբեր ոլորտներում կանանց տեխնոառաջընթացը, գյուղաբնակ հայաստանցի աղջիկներին հանդիպող մարտահրավերներ եւ այլն։
ՀԱԱՀ ռեկտորի եւ «Բերի մաունթ» ՍՊԸ գլխավոր գյուղատնտես Սյուզաննա Հովսեփյանի համատեղ ելույթի թեման էր՝ «Գյուղատնտեսություն 4․0․ ագրոտեխնոլոգիական կարիերայի հեռանկարները Հայաստանում»։ Ռեկտոր Ուռուտյանը, մասնավորապես, ներկայացրեց թվային, նորարարական, բարձրտեխնոլոգիական լուծումների հարաճուն դերը գյուղատնտեսության բնագավառում։ Հետաքրքիր տվյալներ ներկայացրեց համաշխարհային գյուղատնտեսական աշխատաշուկայի զարգացումների մասին, որոնցից պարզվեց, օրինակ, որ ներկայում աշխարհում ամենաշատ աշխատատեղեր են բացվում գյուղատնտեսական մեքենաներ ու տեխնիկա շահագործող մասնագետների համար։ Գյուղատնտեսությունն առաջատար երեք ոլորտներից մեկն է, որտեղ ամենաշատն են օգտագործվում մեծ տվյալները, արհեստական բանականությունը, իրերի համացանցը եւ այլ նորագույն տեխնոլոգիաներ։ Ոլորտում տեղի ունեցող այս զարգացումներն էլ դարձել են Ագրարային համալսարանի՝ ագրոտեխնոլոգիականի վերափոխման եւ ստարտափ էկոհամակարգի ու գյուղոլորտում ձեռներեցության զարգացման հիմք, եզրափակեց ՀԱԱՀ ռեկտորը։
ՀԱԱՀ դոցենտ Սյուզաննա Հովսեփյանն էլ շարունակեց ռեկտոր Ուռուտյանի խոսքը՝ ներկայացնելով, թե գործնականորեն ինչպես է օգտագործում նորագույն տեխնոլոգիաներն իր ամենօրյա աշխատանքում։
Խորհրդաժողողն ընթացավ հետաքրքիր քննարկումներով, որոնց մասնակցում էին ոչ միայն մասնագիտական հանրության ներկայացուցիչներ, այդ թվում երիտասարդ տաղանդավոր կանայք, այլեւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, հետաքրքրված մարդիկ տարբեր ոլորտներից։ Զուգահեռաբար անցկացվեցին աշխատաժողովներ, թեմատիկ միջոցառումներ, գիտական, մշակութային, մարզական իրադարձություններ։