Հայկ Կարապետյանը ՀԱԱՀ ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի եւ ԱՈՒԿ-ի շրջանավարտ է: 2021-ին ավարտել է ասպիրանտուրան: Պարբերաբար մասնակցում է կարճատեւ նախագծերի, ծրագրերի, որոնք օգնում են ժամանակի հրամայականի զգացողությունը չկորցնել:
Ուսմանը զուգահեռ միշտ կարեւոր է համարել մարմնակրթությունը՝ հետեւելով հին հույների անհերքելի փիլիսոփայությանը, թե առողջ մարմնում է հոգին առողջ լինում: Բանասեղծություններ է կարդում եւ մեջբերում ճիշտ պահերի: Ճշմարիտ գեղագետ է` Eye Optics ցանցը հիմնելիս երկար ու բծախնդրորեն ընտրեց տարբերանշանը: Նրա համար մանրուքներ չկան: Ակնոցների շրջանակներն էլ ներմուծում է միայն բարի համբավ վայելող բրենդներից, չէ որ շատերի արտաքինի անբաժանելի բաղադրիչն է այն, ուրեմն՝ իր համերկրացիների «լուքը» պետք է անթերի լինի:
«Ինչո՞ւ ընտրեցիր Ագրարայինը» հարցին պատասխանում է․
-ԱՈՒԿ-ի համար: ԱՈՒԿ-ը մի հաստատություն է, որտեղ ուզում ես լինել: Հրաշալի կրթական միջավայր է, սարքավորումներով հագեցած, որը նպաստում է գիտելիք ստանալուն: Նոր մոտեցումներ, որոնք բացառում են հին, չաշխատող մեթոդները: Որակյալ դասախոսներ, որոնք ունեն նշանակալի ձեռքբերումներ եւ մատուցում են նաեւ կիրառական գիտելիք:
Հայկը չի սիրում եւ չի կարող տեղում դոփել, անդադար նոր բան սովորելու մղում ունի եւ նոր մտահղացումներ, որոնք, համոզված ենք, տեսանելի ապագայում իրականություն կդարձնի: