Արման Ավետիսյանն Ագրարային համալսարանի «Բույսերի պաշտպանություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանող է: Մասնագիտությունն ընտրել է գիտակցված՝ կարեւոր համարելով բույսերի պաշտպանի դերը այսօրվա աշխարհում: Դրան նպաստել է նաեւ այն, որ դպրոցն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է «Ագրոթրենդ» ՓԲԸ-ում՝ հնարավորություն ունենալով որպես աշխատակից շփվել բույսերի հետ ու հասկանալ մասնագիտական գիտելիքների անհրաժեշտությունն ու մասնագիտության կարեւորությունը:
-Քանի որ միշտ սիրել եմ բույսեր ու դրանց հետ աշխատանքը՝ հասկացա, որ ոլորտում առաջ գնալու, իմ հետքը, ձեռագիրը թողնելու համար ինձ հարկավոր են մասնագիտական գիտելիքներ եւ կայացրեցի իմ կյանքի համար կարեւոր որոշում՝ դիմեցի եւ ընդունվեցի Ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետ,-ուրախությամբ պատմում է նպատակասլաց երիտասարդը:
Ագրարային համալսարանում ուսումնառության տարիները, մասնագիտական գիտելիքների պաշարով ու հմտություններով զինելուց զատ, երիտասարդի առջեւ բացեցին հնարավորությունների նոր դռներ: Երրորդ կուրսի առաջին կիսամյակում Արմանը Էրազմուս + ծրագրի շրջանակում մեկնեց Պորտուգալիա եւ մեկ կիսամյակ մասնագիտական կրթությունը շարունակեց Բեժայի պոլիտենիկական ինստիտուտում (IP Beja)՝ հաղորդակից դառնալով բույսերի հետ աշխատանքի արտասահմանյան փորձին ու մեթոդներին:
Ուսումնառության երրորդ կուրսի երկրորդ կիսամյակում, արդեն Հայսատանում, Արմանին սպասում էր փորձուսուցման մի ամբողջ աշխատանքային կիսամյակ, որի ձեւաչափն Ագրարային համալսարանն առաջինն է ներդրել ՀՀ բուհական համակարգում: Արտերկրից վերադարձած մեր ուսանողն աշխատանքային փորձուսուցում է անցել «Արմենիա Վայն» ընկերությունում, որի խաղողի դաշտերում ուսումնասիրել է խաղողի մշակման նրբություններն ու տեղական փորձը, նաեւ փոխանցել իր հայրենիքում եւ արտերկրում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները: Փորձուսուցման վերջում, ինչպես աշխատանքային կիսամյակը հաջողությամբ ավարտած մեր շատ այլ ուսանողներ, Արմանը եւս աշխատանքի առաջարկ է ստացել՝ օգոստոսից աշխատելու «Արմենիա Վայն» ընկերությունում, սակայն կարծում է, որ կմերժի այն։
Բանն այն է, որ ուսմանը զուգահեռ 23-ամյա երիտասարդն զբաղվում է «մասնագիտական» փոքրիկ բիզնեսով․ հիմնադրել է «Վիտորիա օյլզ» ընկերությունը, որը զբաղվում է չռաֆինացված, 100 % բնական եւ առանց քիմիական հավելումների բուսական յուղերի արտադրությամբ՝ սառը մամլման եղանակով: Յուրօրինակ համ եւ բուժիչ հատկություններ ունեցող յուղերն օգտագործվում են ինչպես կոսմետիկ, այնպես էլ բուժական նպատակներով: Նորաստեղծ ընկերությունն արդեն ունի շուրջ տասը տեսակի արտադրանք՝ արեւածաղկի, նուշի, գետնանուշի, կտավատի, քունջութի, քիմիոնի, ընկույզի եւ այլ յուղեր են արտադրում, ընդունում նաեւ առանձին պատվերներ:
Արմանը նպատակ ունի ընդլայնել բիզնեսը, ուսումնասիրել-արտադրել բուսական յուղերի նոր տեսակներ, որոնք դեռեւս չկան Հայաստանում եւ իհարկե բակալավրի կրթական ծրագիրն ավարտելուց հետո շարունակել ուսումը Ագրարային համալսարանի մագիստրատուրայում, քանի որ, ինչպես ինքն է նկատում՝ հաջողության հասնելու ամենավստահելի ուղին անընդհատ գիտելիքներով զինվելն է: