Ճապոնական դեսպանատան ֆինանսավորմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղին կից կառուցված գյուղատնտեսական մեքենասարքավորումների ուսումնական եւ վերապատրաստման կենտրոնի բացման արարողությունը կկայանա սեպտեմբերին։ Այս մասին Սիսիանի մասնաճյուղ կատարած այցի ժամանակ նշեց Հյաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման։
Կենտրոնը ստեղծվել է ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը եւ գործող մեխանիզատորների վերապատրաստմանը նպաստելու նպատակով։ Իսկ ֆերմերներին անհրաժեշտ գյուղատնտեսական ծառայությունների մատուցմամբ ակնկալվում է, որ կենտրոնը կնպաստի համայնքի ու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Նախագիծը մեկնարկել է 2021 թ․ հոկտեմբերին։ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղին պատկանող 1,5 հա հողատարածքի վրա կառուցվել է 203 քառ․ մ ընդհանուր մակերեսով շինություն՝ գյուղտեխնիկայի նորոգման, տեխնիկական սպասարկման, կայանման, պահեստամասերի պահպանման հնարավորություններով, գրասենյակային հատվածով։ Ձեռք է բերվել գյուղտեխնիկա՝ տրակտոր, գութան, կուլտիվատոր, ցաքան, խոտհնձիչ, սրսկիչ, հացահատիկի սերմնացան։
Ավելի քան 50 մլն դրամ արժողությամբ նախագիծն իրագործվել է Սյունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ։
Դեսպան Ֆուկուշիման նաեւ նշեց, որ Ագրարային համալսարանի հետ համագործակցությունն առաջիկայում էլ շարունակվելու է։ Տոկիոյի գյուղատնտեսության համալսարանի հետ ձեւավորվելու են փոխգործակցային հարաբերություններ։
Դեսպանը մասնաճուղի տնօրեն Գագիկ Խաչատրյանի, աշխատակիցների հետ շփման ընթացքում ծանոթացավ նաեւ կրթական հաստատության գործունեությանը, լաբորատոր-ռեսուրսային պայմաններին, ապագայի ծրագրերին ու անելիքներին։