Ուր են տանում ագրոտեխնոլոգիաները մարդկությանը․ Լեւոն Մինասյանի արժեքավոր փորձը

Սան Ֆրանցիսկոյի «Arable Labs» սրարտափ կազմակերպության արտադրանքի գծով ղեկավար Լեւոն Մինասյանը, որ Հայաստանում է Birthright Armenia (Դեպի Հայք) հիմնադրամի երկշաբաթյա կամավոր փորձնակության առաքելությամբ, երկու հանդիպում է անցկացրել Ագրարային համալսարանում՝ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի աշխատակիցների եւ ոլորտի գործող մասնագետների հետ։
Առաջին հանդիպման ժամանակ Լեւոնը ներկայացրեց իր աշխատանքային փորձը՝ նշելով, որ ապրել է Սիլիկոնյան հովիտում, ունի 10 տարվա փորձ գյուղատնտեսության, բիզնեսի եւ իրերի համացանցի (IoT) ոլորտում, ճանապարհորդել է տարբեր երկրներում, զրուցել 1000-ից ավելի ֆերմերների հետ։ Այնուհետեւ մանրամասն ներկայացրեց իր կազմակերպության «Mark 3» հեռահար զոնդավորման սարքավորումը, որի միջոցով հնարավոր է հավաքել եղանակային տվյալներ, բույսի տերեւների խոնավության, մշակաբույսերի ջրային բալանսի, ջերմային սթրեսի, ինչպես նաեւ հողի եւ ոռոգման մասին։ Այնուհետեւ Լեւոնն անդրադարձավ ագրիթեք էկոհամակարգում Arable Labs-ի զբաղեցրած դիրքին եւ բանախոսությունն ավարտեց տվյալների վերլուծության եւ մոդելավորման մասին տեղեկություններով։
Երկրորդ հանդիպման ժամանակ Լեւոն Մինասյանը խոսեց գյուղատնտեսական 4-րդ հեղափոխության եւ մարտահրավերների, ագրոտեխնոլոգիաների ոլորտի ֆինանսավորման, ոլորտում արհեստական բանականության օգտագործման մասին, ինչպես նաեւ ներկայացրեց տեղեկատվական արժեքավոր ռեսուրսները, որոնցից կարող են օգտվել մեր մասնագետները։ Նա նշեց, որ 5-10 տարի հետո ագրոտեխնոլոգիաները անճանաչելիորեն փոխվելու են եւ վճռական դեր են խաղալու գյուղատնտեսության ոլորտում՝ հաշվի առնելով կլիմայափոխության, 2050 թ․ աշխարհի բնակչության՝ 9-10 մլն-ի բնագծին հասնելու, սննդամթերքի պահանջարկի 50 տոկոսով ավելանալու, գյուղատնտեսական հողատեսքերի նվազման եւ այլ գործոնները։ Հետաքրքիր էր նաեւ ծանոթությունը գյուղատնտեսական ձեռնարկությունների կազմակերպական սխեմայի՝ բանախոսի առաջարկած տարբերակին, ինչպես նաեւ արհեստական բանականության օգտագործմամբ խաղողի իսկական ալրացող հիվանդության դեմ պայքարի փորձին։
Ագրոտեխնոլոգիաների ոլորտի շուկայի, առկա մարտահրավերների եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ Լեւոն Մինասյանի ներկայացումները վերջին շրջանում թերեւս ամենահամապարփակը եւ առարկայականն էին համալսարանի եւ ոլորտի մասնագետների համար։
Բացի մասնագետների հետ հանդիպումներից, Լեւոն Մինասյանն Ագրարային համալսարանում սեմինարների շարք է անցկացրել նաեւ Թումո Լաբսի սաների համար։