Ներդրումային կոմիտեի փորձագետները ներկայացնում են լոգիստիկ կենտրոնների զարգացման ռազմավարությունը

Հունիսի 5-ին Ագրոթեք ինկուբատորի լսարանում տեղի ունեցավ Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հերթական նիստը, որին, բացի Դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներից, մասնակցում էին նաեւ Ներդրումային կոմիտեի փորձագետների խումբը, ՀԱԱՀ ռեկտորը, գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորները, ՀԱԱՀ տնտեսագիտական ֆակուլտետի պատասխանատուները։

Ներդրումային կոմիտեի փորձագետ, ծրագրերի ղեկավար  Ռուբեն Սարուխանյանը ներկայացրեց ՀՀ կառավարության պատվերով գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնների ստեղծման ռազմավարության մշակման աշխատանքների ընթացիկ վիճակը՝ ակնկալելով Դաշինքի անդամ կազմակերպությունների եւ մասնավորապես Ագրարային համալսարանի մասնագետների կարծիքը եւ ուղղորդումները։ «Առհասարակ ռազմավարության եւ հատկապես գիտական հիմնավորումների ու հայեցակարգերի մշակման առումով ակնկալում ենք համալսարանի հետ սերտ համագործակցություն եւ ձեր մասնագետների գործուն աջակցությունը», – ասաց պարոն Սարուխանյանը։

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, պրոռեկտորներ Հրաչյա Ծպնեցյանը եւ Հրաչյա Զաքոյանը, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանը, ռեկտոր խորհրդական Էմիլ Գեւորգյանը, շեշտելով լոգիստիկ կենտրոնների հրատապ անհրաժեշտությունը, հայեցակարգային, կազմակերպաիրավական, բովանդակային, ֆերմերների եւ արդեն որոշակի լոգիստիկ գործառույթներ կատարող կառույցների հետ հարաբերակցության եւ գործակցության վերաբերյալ բազմաթիվ գործնական առաջարկներ արեցին։ Նրանք հույս հայտնեցին, որ երկրի գյուղատնտեսության, մասնավորապես գյուղարտադրանքի արտահանման համար  այսչափ կարեւոր կենտրոնների կայացումը լուրջ խթան կհանդիսանա զարգացման հաջորդ փուլ թեւակոխելու համար եւ չի արժանանա գյուղատնտեսության աջակցության որոշ այլ կառույցների ճակատագրին։ Ռեկտոր Ուռուտյանն այս առումով շեշտեց նաեւ ձախողումներից դասեր քաղելու անհրաժեշտությունը։

Ներդրումային կոմիտեի փորձագետները շնորհակալություն հայտնեցին շահագրգիռ ու արդյունավետ քննարկման այս հնարավորության համար եւ պատրաստակամորեն ընդունեցին հետագա քննարկումների մասին մերոնց առաջարկը։