«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը վերահավատարմագրվել է

ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը վերահավատարմագրվել է Գերմանիայում գործող ACQUIN-ի (Հավատարմագրման, հավաստագրման եւ որակի ապահովման ինստիտուտ) կողմից, վեց տարի ժամկետով՝ մինչեւ 2029 թ․ սեպտեմբերի 30-ը։ Ինստիտուտին անդամակցում են Գերմանիայի եւ արտերկրի ավելի քան 150 բուհեր, ինչպես նաեւ գիտականամետ մասնագիտական եւ առեւտրային ընկերություններ։

Մինչ այս, «Ագրարային մենեջմենթ» ծրագիրը հավատարմագրում էր անցել 2016-ին, որից հետո այն երկարաձգվել էր մինչեւ 2021 թ․։ Այնուհետեւ Ագրարային համալսարանի այս համբավավոր ծրագիրն անցնել է միջազգային հավատարմագրման համար անհրաժեշտ ինքնավերլուծության գործընթաց, որը մանրակրկտորեն եւ միջազգային չափորոշիչների համաձայն անցկացրել է ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնը։

2022 թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի ղեկավար Անի Պետրոսյանը, գործընկեր մի շարք համալսարանների պատասխանատուների հետ մասնակցեց առցանց մանրակրկիտ հարցմանը։ Եվ ահա մայիսի 17-ին ստացվեց պաշտոնական տեղեկությունը․ ծրագրի հավատարմագրման վերաբերյալ ACQUIN-ի եւ գործընկեր երկրների համալսարանների փորձագետների կայացրած որոշումը միահամուռ եւ հաստատակամ էր։

Հիշեցնենք, որ Ագրարային համալսարանի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը գործում է 2003 թ․։ Ծրագրի շրջանավարտները, 2019 թ․ կնքված պայմանագրի համաձայն, կրկնակի դիպլոմ են ստանում ՀԱԱՀ-ից եւ Գերմանիայի Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանից։

Այս պահին Վայհենշտեֆանում 4-ամսյա փորձուսուցում է անցնում Ագրարայինի 6 ուսանող։ Փորձուսուցումը հաջողությամբ անցնելու դեպքում (որպես կանոն ամեն տարի այդպես էլ լինում է) նրանք ուսումը կշարունակեն Վայհենշտեֆանի մագիստրատուրայում։