Մեկ աշխարհ եւ մեկ առողջություն: Փոխկապակցված շղթա, որտեղ, թերեւս, ամենագլխավոր եւ պատասխանատու դերը անասնաբույժներին է պատկանում: Եւ հատկապես իրենք սա լավ գիտեն: Նրանք անշփոթելի մի հատկություն ունեն՝ աշխատակից-ուսանողներով անմնացորդ նվիրվում են ընտրած գործին: Որովհետեւ, առանց սիրո, անհնար է կայանալ այս ոլորտում, չի ստացվի:
Մասնագիտական տոնի առթիվ Անասնաբուժական-անասնաբուծական ֆակուլտետի ներկայացուցիչներին շնորհավորելիս ռեկտոր Վարդան Ուռուտյանը նկատեց. «Կարեւոր խորհուրդ ունի օրը: Սա նշանակում է, որ երկիրը, պետությունը կարեւորում է ոլորտը: Այս տոնը նաեւ մասնագիտական գրավչության, հեղինակության բարձրացման հնարավորություն է»:
Վերջին տարիներին արմատական փոփոխություններ են կատարվել ֆակուլտետում նոր ենթակառուցվածքների ստեղծման, թվային տեխնոլոգիաների ներդրման (Բալահովտում եւ Սիսիանում խելացի անասնագոմեր են հիմնվել), կենսատեխնոլոգիական գիտության խթանման ուղղությամբ: Ռեկտորատը միշտ կարեւորել է կրթություն-գիտություն-խորհրդատվություն եռամիասնության անխափան կապը մասնավոր հատվածի հետ: Ֆակուլտետում ստեղծվել է արդյունաբերական խորհրդատվության հանձնաժողով, որը, պարոն Ուռուտյանի բնորոշմամբ, «թեւ ու թիկունք» է լինելու մեր ավագ սերնդի եւ երիտասարդ մասնագետների համար: Ռեկտորը նկատեց, որ շարունակելու են անել ամեն ինչ ուսանողների համար մրցունակ միջավայր ստեղծելու նպատակով, որ մեր սաները հասնեն հաջողության եւ պատվով կրեն բարձր կոչումը:
Գործընկերների տոնը շնորհավորեցին նաեւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը, Մորֆոլոգիայի եւ կենդանագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Չիթչյանը, Թերապիայի, վիրաբուժության եւ ծննդագիտության ամբիոնի վարիչ Կարինե Սուքիասյանը:
Վերջում ռեկտորը շնորհակալագրեր, արհեստակցական միության նախագահ Աննա Աղաջանյանը՝ հուշանվերներ հանձնեցին: