Ապրիլի 15-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը Վայոց Ձորի Արենի խոշորացված համայնքում մասնակցել է հողի եւ ջրի լաբորատորիայի բացմանը, որը կառուցվել է «Արմենիա» եւ «Փիլիփոսյան եւ Փիլոսյան» հիմնադրամների աջակցությամբ։ Նորագույն սարքավորումներով զինված լաբորատորիայի բացմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀԲԸՄ Հայաստանի մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը, Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի նախագահ Զարուհի Մուրադյանը, համայնքի խաղողագործներ, գինեգործներ, ֆերմերներ։
Այսուհետ խոշորացված համայնքի բնակիչները՝ ոլորտի հետ կապված, իրենց հուզող հարցերի պատասխանները ստիպված չեն լինի որոնելու հեռուներում: Ինչպես բացման հանդիսության ժամանակ նշեց ռեկտոր Ուռուտյանը, լաբորատորիան ընդամենը լաբորատոր ուսումնասիրությունների ծառայություններ չի մատուցելու, այլ կազմակերպվելու են խորհրդատվություն, վերապատրաստման դասընթացներ: Եւ, բնականաբար այդ առաքելությունն իրականացվելու է Ագրարային համալսարանի՝ որպես մասնագիտական եւ փորձագիտական գործընկերոջ, գործուն աջակցությամբ: Համալսարանն աջակցելու է նաեւ տարածքային եւ համայնքային զարգացման նախաձեռնություններում, որոնցում կընդգրկվեն մեր ուսանողներն ու հետազոտող գիտնականները։
Նույն օրը հնգամյա համագործակցության հուշագիր են ստորագրել ռեկտոր Վարդան Ուռուտյանը, «Արմենիա» եւ «Փիլիփոսյան եւ Փիլոսյան» հիմնադրամների նախագահ Վահե Վարդ Հակոբի Գաբրաշը եւ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Կողմերը համոզված են, որ համագործակցությունը հեռանկարային ու տեւական է լինելու, քանի որ հետաքրքրությունների շրջանակը մեծ է եւ բազմաբնույթ, իսկ նպատակը մեկն է՝ քառապատկված ներուժը ի սպաս դնել առհասարակ երկրի տնտեսության, եւ հատկապես, ագրարային ոլորտի զարգացմանն ու զորացմանը: Անչափելի է համագործակցությա բոլոր կողմերի հարուստ փորձը համայնքային եւ տարածաշրջանային զարգացման ծրագրերում գործնական մասնակցության առումով ու առինքնող՝ անցած ճանապարհը:
Համաձայն հուշագրի՝ բացի համատեղ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ համայնքային զարգացման ծրագրերում փորձարարական–խորհրդատվական ծառայություններ մատուցելուց, համագործակցության շրջանակում իրականացվող գործնական միջոցառումները կարող են սահմանվել որպես Համալսարանի բակալավրիատի ուսանողների եւ մագիստրանտների ավարտական աշխատանքների եւ թեզերի թեմաներ՝ դրանց գիտական ուղղվածության ապահովման նպատակով:
Ակնկալվում է արդյունավետ, կառուցողական եւ շարունակական համագործակցություն նորարարական գյուղատնտեսության ոլորտներին առնչվող ծրագրերի կյանքի կոչման հարցում։