Ագրոանտառաբուծության սեմինարաշար Գերմանիայի Ռայն-Վաալի համալսարանի հետ համագործակցությամբ

Ագրարային համալսարանում երեկ՝ ապրիլի 11-ին, մեկնարկեց ագրոանտառաբուծության նոր սեմինարաշար, որը նախաձեռնել է «Շեն» հասարակական կազմակերպությունը  ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի  Ռայն-Վաալիի կիրառական գիտությունների համալսարանի հետ համատեղ իրականացվող «Ագրոանտառաբուծության խթանում՝ հանուն փոքրամասշտաբ գյուղատնտեսության սոցիալական եւ բնապահպանական առավելությունների ավելացման» ծրագրի շրջանակում:

Առաջին սեմինարի բանախոսը Ռայն-Վաալիի համալսարանի պրոֆեսոր Դիտրիխ Դարն էր, թեման՝ «Ագրոանտառաբուծության ներածություն. հասկացություններ, համակարգեր, էկոլոգիական եւ սոցիալ-տնտեսական օգուտներ»: Պրոֆ․ Դարը  ներկայացրեց   ագրոանտառային տնտեսության ընդհանուր ասպեկտները՝ հայեցակարգեր, դիզայն, էկոհամակարգային ծառայություններ, ընդգծեց ագրոանտառների բնապահպանական, սոցիալ-տնտեսական առավելությունները՝ սկսած բնական պաշտպանական միջոց լինելուց   մինչեւ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների խնայում, բերքատվության բարձրացում, կենսաբազմազանության պահպանում: Սեմինարին մասնակցում էին ինչպես Ագրարային համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ, այնպես էլ ոլորտի այլ շահակիցներ՝ բնապահպաններ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, որոնք դասախոսության ավարտից հետո իրենց հուզող հարցերն ուղղեցին բանախոսին եւ սեմինարի կազմակերպիչներին: Ներկաների թվում էր նաեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը, որը, ողջունելով նախաձեռնությունը, կարեւոր համարեց թեմայի արդիականությունն ու պահաջվածությունը եւ հույս հայտնեց, որ սեմիանարաշարի ընթացքում ստացած գիտելիքները հնարավոր կլինի տեղայնացնել եւ կիրառել մեր երկրում:

Ինչպես նշեց ՀԱԱՀ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանը՝ սեմինարները կրելու են պարբերական բնույթ (ամիսը մեկ անգամ), նախատեսվում է աստիճանաբար խորացնել պատկերացումներն ագրոանտառային տնտեսության կոնկրետ թեմաների վերաբերյալ: Բանախոսները ներկայացնելու են Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում եւ Լատինական Ամերիկայում ագրոանտառաբուծության վերաբերյալ իրենց հետազոտությունների  արդյունքները, ուշադրություն է դարձվելու Հայաստանի բնակլիմայական պայմաններին համապատասխանող թեմաներին՝ տրամադրելով մոտեցումներ եւ լուծումներ, որոնք կարող են նպաստել Հայաստանում  չմշակվող հողերի կայուն օգտագործմանը:

Նշենք, որ սեմինարի նախորդ օրը պրոֆեսոր Դարը, սննդամթերքի հարակայուն համակարգերի հետազոտական կենտրոնի համադրող Քեթրին Մայնհոլդը, ծրագրի համակարգող, «Շեն» ՀԿ-ի ներկայացուցիչ Սյուզան Ռեյները հանդիպում են ունեցել ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ  «Շեն» ՀԿ-ի նախագահ Հայկ Մինասյանը, ՀԱԱՀ ռեկտորի՝ բնապահպանական-կրթական ծրագրերի գծով խորհրդատու Էմիլ Գեւորգյանը, Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանը: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները բնապահպանական, գիտահետազոտական եւ կրթական ծրագրերի ուղղությամբ: Հարկ է նշել, որ Գերմանիայի  Ռայն-Վաալի համալսարանի հետ նոր ձեւավորվող գործակցության շրջանակում ՀԱԱՀ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի մեկական ասպիրանտ եւ ուսանող առաջիկայում կմեկնեն  Գերմանիա եռամսյա վերապատրաստման: