Ռեկտոր Վարդան Ուռուտյանն ապրիլի 7-ին ընդունել էր Իրանի Նյութերի եւ էներգիայի հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն պրոֆ․ Ղոլամալի Ֆարզիին, Նյութերի եւ էներգետիկ տեխնոլոգիաների մշակման ԱՐԱԴ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մ․Հուշդարին, Իրանի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանի Ալյումինի հետազոտական կենտրոնի ղեկավար Մոհամադ Թ․ Սալեհիին, Նորհիրադ ընկերության գլխավոր տնօրեն Գեորգեկ Աբեդիին եւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության տնտեսական բաժնի ներկայացուցիչ պարոն Ռանջ Բարիին։ Իրանցի հյուրերին ուղեկցում էր հայաստանյան Ագրոթեքնիք ինթերնեյշնլ ընկերության տնօրեն Գեւիկ Դավուդին, որ նաեւ դասավանդում է ՀԱԱՀ-ում։
Բարեկամական ջերմ մթնոլորտում անցած գործնական հանդիպումը մեկնարկեց մեր համալսարանում վերջին տարիներին ագրարային ճարտարագիտական մասնագիտությունների առաջխաղացման, ագրոտեխնոլոգիական ստարտափ ինկուբատորի, ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնի, շուտով գործունեությունը սկսող կենսատեխնոլոգիաների ինկուբատորի, ճշգրիտ գյուղատնտեսություն մասնագիտության ներդրման, Սիսիանի մասնաճյուղում կառուցված խելացի գյուղատնտեսության կենտրոնի, մոտ ապագայի պլանների մասին ռեկտոր Ուռուտյանի տեղեկատվությամբ։ Նորօրյա մասնագիտությունների կայացման, ուսումնական պլանների բարեփոխումների, հետազոտական արդիական ենթակառույցների ստեղծման բոլոր աշխատանքների հիմնական նպատակը զարգացող ոլորտի համար մրցունակ մասնագետների պատրաստումն է, ասաց պարոն Ուռուտյանը։ Նա նշեց այս առումով չօգտագործված մեծ հնարավորությունները, ներառյալ ագրոտեխնոլոգիաների բնագավառում Իրանի համալսարանների եւ գործարար շրջանների հետ հեռանկարային համագործակցության ուղղությունները, համագործակցություն, որը հաջողությամբ մեկնարկել է անցյալ տարվա մայիսին հայ-իրանական ագրոտեխնոլոգիական մասշտաբային խորհրդաժողովում։
Բարեկամ երկրից ժամանած հյուրերը նշեցին, որ տպավորված են Ագրարային համալսարանի ձեռքբերումներով եւ իրենց հերթին պատրաստակամություն հայտնեցին համագործակցել համալսարանի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով, ներառյալ կենսատեխնոլոգիաները, իրերի համացանցը (IOT), համատեղ գիտական հրապարակումները եւ այլն։ Իրանցի պրոֆեսորներն ու գործարարները հավաստիացրեցին, որ իրենք նույնպես բաց են նոր ստեղծարար գաղափարների համար եւ պատրաստ՝ իրենց ներուժն օգտագործելու դրանք իրականություն դարձնելու համար։
Պարոն Դավուդին արտահայտեց այն միտքը, որ շատ ոգեւորիչ է ռեկտոր Ուռուտյանի նվիրվածությունը համալսարանին, ագրարային ոլորտին եւ առհասարակ երկրին։ Նա նշեց, որ այս առումով մենք եւ մեր իրանցի գործընկերները նման ենք, եւ այս փոխադարձ վստահությունը հաջողված համագործակության ու նոր արժեքներ ստեղծելու համար լավ հիմք է տալիս։
Հանդիպումից հետո, ռեկտոր Ուռուտյանի ուղեկցությամբ, հյուրերը շրջայց կատարեցին համալսարանի մի քանի լաբորատորիաներ ու կենտրոններ։