ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի բակալավրիատի եւ քոլեջի 20 ուսանող մասնաճյուղի Գիտելիքի նորարարական հաբում օրերս մասնակցեց մեդիագրագիտության, թվային գրագիտության եւ կիբերանվտանգության վերաբերյալ դասընթացի: Տեսական նյութերով եւ գործնական առաջադրանքներով հագեցած կարճատեւ դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթացան մեդիայի տեսակներին, սովորեցին ստուգել փաստերը, տարբերակել հավաստի տեղեկատվությունը ապատեղեկատվությունից, ստացան կարեւոր, կիրառական գիտելիքներ թվային միջավայրում հնարավորինս ավտանգ լինելու եւ կիբերհանցագործություններից պաշտպանվելու վերաբերյալ: Դասընթացներն անցկացվում են «Թվային միջավայրում պաշտպանված եւ մեդիագրագետ ուսանող» մեդիագրագիտության, թվային գրագիտության եւ կիբերգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր Լոռու մարզկենտրոնի բուհերում սովորող ուսանողների համար» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ:
Ինչպես նշեց ծրագրի ղեկավար, ՀԱԱՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդակցության մասնագետ Նազելի Ավագյանը, որը նաեւ դասընթացը վարողներից էր, ծրագրի նպատակն է՝ զարգացնել ուսանողների կարողությունները մեդիագրագիտության, թվային գրագիտութան եւ կիբերգրագիտության ոլորտում՝ նպաստելով թվային միջավայրում նրանց անվտանգ, ակտիվ եւ գրագետ գործունեությանը՝ տեղեկատվության հավաստիության ստուգումից մինչեւ պաշտպանվածություն տարաբնույթ կիբերհանցագործություններից (ֆիշինգ, համակարգչային ծովահենություն, կեղծ առեւտրային գործարքներ, դրամաշորթություն, կիբերբուլինգ եւ այլ վտանգավոր երեւույթներ):
Ծրագրի նպատակ ունի նաեւ Լոռու մարզկենտրոնի բուհերի ուսանողների միջեւ ձեւավորել համագործակցության եւ առողջ մրցակցության նոր` մեդիա միջավայր, նպաստել ուսանողների հետաքրքիր եւ բովանդակալից ժամանցի կազմակերպմանն ու ոչ ֆորմալ կրթությանը: Այդ նպատակով ծրագրի հետագա փուլերում Վանաձորի բուհերում կանցկացվի «Մենք եւ մեդիան. թվային անվտանգ միջավայր» խորագրով շարադրությունների եւ գեղարվեստական նկարների մրցույթ եւ «Մեդիամարտ» ինտելեկտուալ միջբուհական խաղ-մրցույթ (բրեյնռինգ): Ուսանողների մասնակցությամբ կնկարահանվի նաեւ ուսուցողական- սոցիալական տեսահոլովակ մեդիագրագիտության եւ կիբերանվտանգության առանցքային հարցերի վերաբերյալ: