Ապագա մասնագիտության հարցում կողմնորոշման ակնկալիքով մարտի 7-ին Ագրարային համալսարան էին այցելել Խարբերդի թիվ 2 և Երեւանի թիվ 182 դպրոցների 9-10-րդ դասարանի աշակերտները:
Բուհի հետ ծանոթությունը մեկնարկեց Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի՝ հարմարավետ ու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լսարանում, որտեղ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակից Մանե Շուշանյանը ներկայացրեց Ագրարային համալսարանում սովորելու առավելությունները՝ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող եւ բարձր վարձատրվող մասնագիտություններ, ուսուցման վերջին կիսամյակի ընթացքում վճարովի փորձուսուցում ապագա գործատուների մոտ: Փորձուսուցման այս տարբերակը ՀՀ բուհերից առայժմ միայն Ագրարային համալսարանն է իրականացնում՝ ուսանողի համար ապահովելով աշխատանքային փորձ եւ սահուն անցում բուհից աշխատուկա:
Աշակերտները ծանոթացան նաեւ համալսարանի միջազգային կրթական ծրագրերին, քննական թեստավորման ավտոմատացված արդիական համակարգին, նոր ենթակառուցվածքներին ու գերժամանակակից ուսումնական լաբորատորիաներին, որտեղ ստեղծված են բոլոր հնարավորությունները տեսական գիտելիքները գործնականում կիրառելու եւ մրցունակ մասնագետ դառնալու համար: Դպրոցականներին ոգեւորեց նաեւ այն հանգամանքը, որ Ագրարային համալսարանում ուսանողները հնարավորություն ունեն ներկայացնել իրենց գյուղատնտեսական ստարտափերը եւ տարբեր ծրագրերի շրջանակում ստանալով ֆինանսավորում՝ կյանքի կոչել ագրոոլորտի զարգացմանն առնչվող իրենց նորարարական գաղափարները:
Այցելուները շրջեցին համալսարանի տարածքում, ապա, ըստ նախընտրության, եղան Գինեդարանում, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, Գյուղատնտեսական ԱԹՍ-ների լաբորատորիաներում, որտեղ մասնակցելով վարպետաց դասերի՝ տեղում փորձեցին վարել գյուղատնտեսական դրոններ, պատրաստել և համտեսել շոկոլադ՝ համոզվելով, որ վերափոխված ու վերարժեւորված Ագրարային համալսարանը երկրի համար կենսական նշանակություն ունեցող այն դարբնոցն է, որը պատրաստում է պարենային անվատանգությունն ապահովող որակյալ մասնագետների: