Արգենտինյան այցի շրջանակում ՀԱԱՀ պատվիրակությունը մասնակցել է Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի` INTA-ի Լակոնսուլտա փորձարարական կենտրոնում կազմակերպված Լոլիկի օրվան։ Միջոցառմանը մասնակցում էր շուրջ 500 մարդ՝ ֆերմերներ, խորհրդատուներ, գյուղատնտեսական ներդրանքների մատակարարներ, գյուղմեքենաներ արտադրողներ եւ նորարարական ագրոծառայություններ առաջարկող այլ անհատներ ու կազմակերպություններ, լոլիկ արտադրողների ընկերակցություններ։
Ռեկտոր Վարդան Ուռուտյանի, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի եւ ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանի համար հետաքրքիր էր տեսնել մատակարարման շղթայի, ըստ էության, բոլոր մասնակիցներին մեկտեղ։ Փորձարարական կենտրոնի փորձադաշտերում INTA-ն ցուցադրում էր լոլիկի տարբեր մշակաձեւերի փորձարկումները, որոնց մեծ մասը կատարվել էր մասնավոր հատվածի հետ համատեղ։ Փորձարկվել էին թարմ սպառման եւ վերամշակման համար նախատեսված բազմաթիվ մշակաձեւեր։ Ցուցադրվեցին նաեւ մեքենայացված բերքահավաք, ագրոդրոններով եւ ռոբոտներով սրսկում։ Մեր պատվիրակների դիտարկմամբ, Արգենտինայում նույնպես մեծածավալ ներդրումներ են կատարվում գյուղատնտեսության թվայնացման, ավտոմատացման եւ մեքենայացման ուղղությամբ։ «Կարելի է արձանագրել, որ միջոցառումը բոլոր օղակների աշխատանքը գնահատելու յուրահատուկ հնարավորություն էր»,- նշում է պարոն Ուռուտյանը։
Ագրարայինի պատվիրակությունն այնուհետեւ այցելել է կենտրոնի՝ սերմերի փորձորոշման լաբորատորիաներ, որոնք ISTA-ի (Սերմերի փորձարկման միջազգային ընկերակցություն) անդամ են եւ աշխատում են վերջինի կանոնակարգերով։ Այցելեցին դդմիկի եւ այլ մշակաբույսերի փորձադաշտեր։
Այցի հաջորդ կանգառը Զուկարդի գինեգործարանն էր, որը գտնվում է հանրահայտ Ուկո հովտում (արգենտինյան «Նապա հովիտը»)։ Այստեղ 1400 հեկտարի վրա մշակվող խաղողից ստացված գինու տարեկան վաճառքի ծավալը կազմում է 30 մլն լիտր։