ՀԱԱՀ Ագրարային քաղաքականության եւ տնտեսագիտության հետազոտական կենտրոնն ունի Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ագրարային քաղաքականության վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների մի շարք առաջարկներ։ Այս մասին կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Ոսկանյանը հայտարարեց ՀԱԱՀ գիտական խորհրդի այս տարվա առաջին նիստին, որը նվիրված էր համալսարանի 2022 թ․ գործունեության հաշվետվությանը։
Առաջարկներից մեկը վերաբերում է գյուղատնտեսության նախարարության բացակայության (եւ էկոնոմիկայի նախարարության գործառական որոշակի սահմանափակումների) պայմաններում տեղական ինքնակառավարման մարմիններին գյուղատնտեսության ոլորտի կառավարման լրացուցիչ հնարավորություններ ու լծակներ տրամադրելուն։ Այս հայեցակարգը կարող է կենսունակ լինել ոլորտում առկա ընդհանուր զարգացումների ու տեղական հիմնախնդիրների լուծման համատեքստում, մանավանդ՝ հաշվի առնելով հետազոտական կենտրոնի իրականացրած վերջին ուսումնասիրությունների արդյունքները։ Կենտրոնը կատարել է գյուղացիական տնտեսությունների գործունեության խոչընդոտների վերաբերյալ ընտրանքային հարցումներ, հետազոտել ֆինանսական ռեսուրսների բաշխվածությունը եւ կատարել ցորենի, խողողի եւ այլ մշակաբույսերի արտադրության արդյունավետության վերաբերյալ փորձագիտական ուսումնասիրություններ, որոնք նպատակաուղղված են գյուղացիական տնտեսությունների արդյունավետության բարձրացմանը։
Անցյալ տարվա ընթացքում հետազոտական կենտրոնի հրատարակած գիտական հոդվածներն էլ իրենց հերթին կարող են օգտակար լինել ոլորտի քաղաքականություն մշակող կառույցների եւ այլ շահակիցների համար։ Դրանք ընդգրկում են բազմաթիվ հրատապ թեմաներ՝ գյուղատնտեսության պետական աջակցության միջազգային փորձից մինչեւ գյուղացիական տնտեսությունների ռեսուրսային ներուժի վերլուծություններ, արտադրանքի իրացման խնդիրներից մինչեւ համախառն բերքի եւ վերջնական արտադրանքի ծավալների փոխկախվածության վիճակագրական վերլուծություն եւ այլն։