Աշխատանքային կիսամյակ. հաշվետվությունը վերածվեց pr-ի

Փոխադրումների եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպում եւ կառավարում մասնագիտության ավարտական կուրսի ուսանողներ Ռաֆայել Վարդանյանը, Արմեն Ոսկանյանը եւ Էդգար Էլբակյանը Omni լոգիստիկ ընկերության գործունեության մասին տեղեկացան ամռանը, երբ համալսարանում հյուրընկալել էինք ներկայացուցիչներին: Փոխադարձ հետաքրքրության արդյունքն այն եղավ, որ աշխատանքային կիսամյակի մեկնարկից մեկ ամիս անց նրանց ընդունեցին որպես հիմնական աշխատողներ:

Փորձուսուցման հաշվետվության պաշտպանությունը ըստ էության վերածվեց Omni-ի փիառի: Երիտասարդները հիմնավորապես ներկայացրին իրենց գործունեության՝ միջազգային (180 երկիր), մարզային, փոստային, էքսպրես, պահեստավորման ոլորտների մասին: Նրանց խոսքն ուղեկցվում էր ցուցադրական նյութերով:

Նրանք ոգեւորությամբ պատմում էին արդեն հարազատ դարձած ընկերության դրական կողմերի, աշխատանքի կազմակերպման սկզբունքների առանձնահատկությունների մասին:

Հանձնաժողովի անդամները գոհ էին եւ կատարված աշխատանքից, եւ երիտասարդների ոգեւորությունից: Ակնհայտ էր, որ նրանք սիրով են անում գործը:

– Ի՞նչ թերություն կնշեք, ընկերության հետ մեր համագործակցության մեջ ի՞նչը կկամենայիք, որ շտկենք,- հարցնում է Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը:

– Բացասական կողմ ընդհանրապես չկա,- միաձայն արձագանքում է եռյակը,- իսկ դրականը՝ սա նոր ծանոթությունների, գիտելիքի, ապագայի նոր, եզակի հնարավորություն մեզ տվեց:

Ավտոտրակտորների եւ գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Արամայիս Եսոյանը շատ մանրակրկիտ հետաքրքրվեց տղաների աշխատանքի բնույթով, եւ նպատակը մեկն էր. մեր աշխատանքներում եղած թերությունները, բացթողումները, առաջարկությունները լսելն էր: Օրինակ՝ փորձուսուցման վերաբերյալ ուսանողների կարծիքներն ուսումնասիրելուց հետո տրանսպորտային լոգիստիկան այսուհետ ավելի խորությամբ կդասավանդվի մեր բուհում:

Հավելենք, որ այս ուսանողների ավարտաճառերի թեմաներն այնպես են ընտրվել, որ բուհի տեսական եւ ընկերությունում աշխատանքի գործնական գիտելիքներն արտացոլված կլինեն: