Ագրարայինը հյուրընկալել էր իր ապագա ուսանողներին

Տարիներ շարունակ մեր համալսարանը մասնագիտական կողմնորոշման նպատակով դիմավորում է դպրոցների, միջին մասնագիտական կրթարանների սաներին: Նպատակը մեկն է՝ մենք ուզում ենք, որ ուսանողների համալրումը լինի միանգամայն գիտակցված, ոլորտի դերը, նշանակությունն ու առանձնահատկությունները հասկանալով: Իսկ հետո այդ գիտակցված ընտրությունը սիրո փոխարինելու-վերածելու ճանապարհը մեր դասախոսները-մասնագետները-երախտավորները լավ գիտեն:

Պատանիների այս այցելությունները մեկ բնորոշում կարող են ունենալ. ծանիր զքեզ՝ ճանաչիր ինքդ քեզ: Չէ որ հենց ագրարային ոլորտն է մարդուն տալիս այդ հնարավորությունը եւ… հազարամյակներ շարունակ: Ճանաչիր փոքր հայրենիքդ՝ եզերքդ, սիրիր ու արտացոլիր այն պետությանդ ներսում: Սերդ մարդու, հողի, ջրի, կենդանիների, բնապահպանության ու այն ամենի հանդեպ, որով ապրում ու շնչում ես:

Օրերս հյուրընկալել էինք Արարատի պետական քոլեջի եւ Կոտայքի մարզի Նոր Հաճնի ավագ դպրոցի սաներին: Նրանք տեսան նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաները, դրոնները, ոճային ընթերցասրահներն ու այն ամենը, որն ուսումնառությունը արդյունավետ, դյուրին ու հաճելի է դարձնում: Բուհն էլ ավարտում ես աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետ դարձած: Ընդսմին՝ աշխարհի աշխատաշուկային, քանզի միջազգային կապերի ամենամեծ աշխարհագրությունն Ագրարայինն ունի: