Լիանա Մկրտչյանը միանգամայն նպատակային եւ գիտակցաբար է ընտրել Ագրարային համալսարանը.
– Խմորեղեն սարքել շատ էի սիրում ու մտածում էի հաց-հրուշակեղեն բաժանմունքի ուղղությամբ, բայց մեր բուհի վարժարանում սովորելու ժամանակ տեղեկացա պարենամթերքի փորձաքննություն մասնագիտության մասին: Սննդամթերքի որակի վերահսկողությունը հանրային առողջության հենասյուներից է, եւ հաստատապես որոշեցի ընտրել այդ մասնագիտացումը:
Աշխատանքային փորձուսուցման կիսամյակը Լիանան անցկացրել է «Գրանդ Քենդի» ընկերությունում.
– Աշխատել եմ խմորեղենի բաժնում, եւ կոնֆետի տեխնոլոգներն են հիմնավորապես բացատրել: Միայն ափսոսում եմ, որ հենց մեր մասնագիտությամբ հնարավորություն չունեցանք տեսական գիտելիքները տեղում-գործնականում ամրակայելու: Բայց դարձյալ շեշտեմ, հետաքրքիր էր: Հաճելի էր զգալ, թե ինչպես ձեւավորածդ տորթը քիչ ժամանակ անց ընտանեկան միջոցառում-ուրախության գլխավոր բաղադրիչը պետք է լինի: Սիրով էինք ձեւավորում, եւ կարծում եմ այդ լավ էներգիան հասնում-փոխանցվում էր սպառողին: Շնորհակալություն եւ հարազատ բուհին, եւ «Գրանդ Քենդի» ընկերության աշխատակիցներին, որոնք մեր մասնագիտության դերն ու նշանակությունն ավելի լավ հասկանալու, մեր մասնագիտությունը խորությամբ սիրելու բացառիկ հնարավորություն ընձեռեցին:
Լիանան ընկերությունից աշխատանքի առաջարկություն դեռ չի ստացել, բայց հույս ունի, որ այն «սարերի ետեւում» չէ: