Գիտխորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը

Գիտխորհրդի դեկտեմբերի 19-ի՝ տարվա ամփոփիչ նիստը, որը նախագահում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մեկնարկեց սպորտի բնագավառում բավականին տպավորիչ նվաճումների հասած ՀԱԱՀ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների եւ ուսանողների պարգեւատրման արարողությամբ։

Օրակարգ ընդգրկված հիմնական հարցերից մեկը ՀԱԱՀ գիտական կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտ­ների եւ հետազոտական կենտրոնների 2022 թ․ կատարած աշխատանքների հաշվետվությունների քննարկումն էր։ Գիտական ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրականացված ծրագրերի ու աշխատանքների, միջազգայնացման, ֆոնդերի ներգրավման, գիտական արդյունքի առեւտրայնացման եւ ծագած խնդիրների մասին հաշվետվություն։

Գիտխորհուրդն արձանագրեց, որ բավականին արդյունավետ է եղել գիտական գործունեությունը տարվա ընթացքում։ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնում տպավորիչ արդյունքներ են գրանցվել կարտոֆիլի in vitro բազմացման, գենբանկի՝ նոր բուսատեսակներով հարստացման, նյութատեխնիկական բազայի արդիականացման, արտաքին ֆինանսավորման ուղղությամբ։ Ոսկեհատի խաղողագինեգործության ԳԿ-ում իրականացվող աշխատանքները ցույց են տալիս, որ դեռեւս չուսումնասիրված մշակաձեւերի տեսականու եւ աշխարհագրական տարածքների առումով մեծ հեռանկար կա։ Ռեկտորի հանձնարարականներից մեկը համալսարանի ուսումնափորձարարական տնտեսությունների ներուժի հիման վրա միկրոգինեգործության զարգացմանը լուրջ ուշադրություն հատկացնելն էր։ Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի ԳԿ-ում իրականացված երկու ծրագրերի արդյունքներն առեւտրայնացվելու են, դրանցից մեկի համար արդեն արտոնագիր են ստացել։ Գինեգործական արտադրանքի մնացորդ բարդան որպես պարարտանյութ օգտագործվում է եւ բավականին լավ արդյունքներ տալիս, առկա են պատվերներ։ Այս կենտրոնում նույնպես փորձում են արտաբյուջետային միջոցներ ձեւավորել, աշխուժացրել են նաեւ խորհրդատվական աշխատանքները։

Ռեկտոր Ուռուտյանը գիտական կենտրոնների եւ ինստիտուտների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց կրկնություններից խուսափելու խնդրին, հորդորեց ավելի սերտ գործակցել միմյանց հետ՝ ավելի ակտիվորեն ներգրավելով ուսանողներին, ուշադիր հետեւել գյուղատնտեսության՝ աշխարհում զարգացող նորագույն ուղղություններին ու միտումներին։

Տպավորիչ են նաեւ Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների ԳՀԻ-ի կենդանական ծագման հումքի եւ մթերքի վերամշակման տեխնոլոգիայի բաժնի՝ ազդեցության բարձր գործակից ունեցող պարբերականներում  հրատարակած  հոդվածների հղումները։ Ֆունկցիոնալ նոր կաթնամթերք են ստացել եւ այն առեւտրայնացնելու բոլոր նախադրյալները կան։ Իսկ բուսական ծագման հումքի եւ մթերքի վերամշակման տեխնոլոգիայի բաժնում նոր ապրանքատեսակների մշակմանը մասնակցում են ուսանողները, եւ մեծ հաջողությամբ շարունակվում են կարճաժամկետ դասընթացները։

Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման ԳՀԻ-ում լուրջ ասելիք ունեն․ այստեղ ստեղծված գյուղատնտեսական (եւ ոչ միայն) մի շարք արդիական եւ միջազգայնորեն մրցունակ մեքենաները, ամբողջ երկրի մասշտաբով կարեւոր եւ վաղուց արտոնագրված գյուտերը հանրայնացման կարիք ունեն։ Ռեկտոր Ուռուտյանն այս առումով խոսեց ստեղծված գոհացուցիչ գիտական արդյունքների ոչ միայն հանրայնացման, այլեւ նոր ներդրումների ներգրավման, համալսարանի ներքին արտադրական հնարավորությունների օգտագործման եւ հետագա ծրագրերում այսօր աշխարհում առկա թվայնացման ու ռոբոտացման միտումներին համաքայլ ընթանալու անհրաժեշտության մասին։

Ամփոփելով տարվա գիտական գործունեության արդյունքները, ռեկտոր Ուռուտյանը գոհունակությամբ արձանագրեց իրականացված ծրագրերի եւ շահակիցների հետ համագործակցության նպատակայնությունը, միջազգային գիտական հանդեսներում հրապարակումների տպավորիչ թիվը եւ քաջալերեց շարունակել հավակնոտ նպատակներ դնել ու հասնել դրանց։ Սակայն նշեց նաեւ խնդիրներ, որոնք առնչվում են մասնավորապես միջդիսցիպլինար համագործակցության պակասին եւ, որ շատ կարեւոր է՝ ստացված գիտական արդյունքը գործնականում հայաստանյան ֆերմերային տնտեսություններում, ագրոբիզնեսի ոլորտում կիրառելուն․ այսպես կարող ենք էականորեն օգնել մեր երկրին։

Քննարկվեց եւ համապատասխան որոշում կայացվեց նաեւ աշխատանքային կիսամյակի սկզբունքով փորձուսուցման կազմակերպման կանոնակարգում փոփոխությունների մասին հարցի վերաբերյալ՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի զեկուցումից հետո։

Գիտխորհրդի նիստի ավարտին ցուցադրվեց ՏՏ կենտրոնի պատրաստած տեսաշարը, որը հակիրճ ներկայացնում է վերջին տարիներին համալսարանում շարք մտած նոր ենթակառույցները։ Ինչպես իր ամփոփիչ խոսքում նշեց ռեկտոր Ուռուտյանը, եւս 15 նոր ենթակառույցներ շարք կմտնեն առաջիկա ամիսներին, մասնավորապես Սիսիանի մասնաճյուղում։ Նա շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ կատարած աշխատանքի համար։ «Սակայն մենք չենք սահմանափակվելու մեր ունեցած արդյունքներով․ մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները ստիպում են ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել պարենային անվտանգության ապահովման, գյուղատնտեսության եւ հարակից ոլորտները բարձրակարգ, մրցունակ կադրերով ապահովելու առումով։ Դրա համար մենք շատ լավ նախադրյալներ ենք ստեղծել՝ նոր ենթակառույցների եւ նոր ուսումնական բովանդակության տեսքով»,- ասաց պարոն Ուռուտյանը։

Գիտխորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստն ավարտվեց ռեկտորի ամանորյա շնորհավորանքով․ նրա մաղթանքն էր երկրի անվտանգությունը, առկա ռիսկերի չեզոքացումը եւ բոլորիս պատասխանատվությունը՝ նպաստելու խաղաղությանը, կայունությանը եւ առաջընթացին։