Դեկտեմբերի 12-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ArLeAM գյուղատնտեսական հոլդինգի գլխավոր գործադիր տնօրեն Վաչե Արսենը գործակցային հուշագիր ստորագրեցին։ Արարողությանը ներկա էին ArLeAM-ի եւ ՀԱԱՀ-ի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ։
Ողջունելով եւ հուշագրի ստորագրման առթիվ շնորհավորելով ներկաներին, ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ փաստաթուղթը ընկերության եւ համալսարանի միջեւ մեկնարկած գործակցությունը հաստատութենական հիմքերի վրա դնելու լավ հնարավորություն է։ «Ագրոնոմիական ֆակուլտետն ArLeAM ընկերության հետ գործակցության հաջողված փորձ արդեն ունի, վստահ եմ, որ այն խորանալու եւ ընդլայնվելու է՝ ընդգրկելով նաեւ այլ ֆակուլտետներ ու ստորաբաժանումներ։ ArLeAM-ի արտադրական կարողություններն ու նորարարական մոտեցումները միանգամայն համահունչ են մեր համալսարանում ընթացող ագրոտեխնոլոգիական զարգացումներին ու նպատակներին»,- ասաց պարոն Ուռուտյանը։
Վաչե Արսենը, ողջունելով եւ շնորհավորելով կնքվող հուշագրի առթիվ, նշեց, որ ArLeAM ընկերությունը, որն արդեն հայտնի է մրգերի եւ բանջարեղենի արտադրական շղթայի կազմակերպման իր եզակի գործելակերպերով, նորարարական լաբորատոր եւ այլ ծառայություններով, ձգտում է Հայաստանում որակական նոր մակարդակի հասցնել ոչ միայն գյուղատնտեսությունը, այլեւ էկոտուրիզմը, ձիաբուծությունը, այծաբուծությունը եւ այլ ենթաճյուղեր։ «Այս առումով մենք բարձրակարգ մասնագետների կարիք ունենք եւ վստահ եմ, որ Ագրարային համալսարանը կարող է լրացնել այս բացը։ Տեսնելով այն մեծածավալ աշխատանքները եւ այն հզոր գործը, որ դուք անում եք այստեղ՝ Ագրարային համալսարանում, ես վստահ եմ, որ դուք կարող եք մեզ ապահովել փայլուն մասնագետներով»,- ասաց պարոն Արսենը։
Հուշագրի ստորագրումը ողջունեցին նաեւ դեկաններ Արմենակ Տեր-Գրիգորյանը, Սմբատ Դավեյանը, Արման Սիմոնյանը եւ Արեւիկ Աբովյանը։ Դատելով ArLeAM-ի այսօրվա գործունեությունից, առաջիկա ծրագրերից եւ ընկերության եւ համալսարանի ղեկավարության ու պատասխանատուների պատրաստակամությունից՝ Ագրարային համալսարանի հետ գործակցության ասպարեզն ընդլայնվում, խորանում եւ նոր մակարդակի է բարձրանում։
Միջոցառումն ավարտվեց ավանդաբար՝ ռեկտոր Ուռուտյանը պարոն Արսենին նվիրեց համալսարանի «Սերունդ» գինի եւ մեր մասնագետների հեղինակած մի քանի մասնագիտական գրքեր ու ձեռնարկներ, որից հետո ArLeAM-ի գործընկերները հետաքրքրությամբ ծանոթացան համալսարանի նորարարական ենթակառույցներից մի քանիսին։