«ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան հերթական 14-րդ առաջնության այս տարվա խորագիրն էր՝ «Ինքնակառավարվող ռոբոտները խելացի ագարակում»։ Եզրափակիչ մրցույթը կայացավ երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Դիլիջանի կենտրոնական դպրոցում։ Կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն էր, հովանավորը՝ Ակբա բանկը։
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը առաջնության շրջանակում հյուրընկալվեց որպես առանցքային բանախոս եւ խոսեց աշխարհում ագրոտեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր զարգացումների եւ Հայաստանում ոլորտի զարգացման հեռանկարների մասին։ ՀԱԱՀ Գյուղատնտեսության մեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի գիտական բաժնի վարիչ Արթուր Ալթունյանն էլ մրցույթի ժյուրիի անդամ էր։
Ռեկտոր Ուռուտյանի եւ պարոն Ալթունյանի վկայությամբ, առաջնությունը նպատակային ու հեռանկարային էր, միջոցառման էներգետիկան՝ խիստ դրական։ Այն վերածվել է իսկական տոնի երիտասարդության համար՝ թե բուն մրցութային եւ թե մշակութային իրադարձություններով։
Մրցույթի մասնակից թիմերը ներկայացնում էին երեք խմբեր՝ դպրոցականներ, սկսնակ ընկերություններ եւ մասնագիտացված ընկերություններ։ Ներկայացված հետաքրքիր նախագծերը վերաբերում էին խելացի ագարակի կառավարման տարբեր բնագավառներին ու փուլերին՝ ցանք, բերքահավաք, կենդանիների կերակրում, ոռոգում, տնտեսությունների մշտադիտարկում, տվյալների վերլուծություն եւ այլն։