Ինտենսիվ այգուց մինչեւ aygi.am. Ոսկեհատի ՈՒՓՏ-ն՝ ագրոտեխնոլոգիական լոկոմոտիվ

ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունը գործում է 1964 թվականից։ Գրեթե վեց տասնամյակ այն ծառայել է որպես Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի, այնուհետեւ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի, այժմ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնափորձարարական բազա, ուսանողների արտադրական փորձուսուցման, դասախոսների, ասպիրանտների հետազոտական աշխատանքների անցկացման վայր։

Վերջին 4 տարիներին, այգեգործական, բանջարաբուծական եւ գինեգործական ուղղությունների՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցվածության էական բարելավման, արտադրական եւ գիտահետազոտական նոր մշակույթի արմատավորման շնորհիվ ավելի քան 60 հա հողատարածություն ունեցող Ոսկեհատի ՈՒՓՏ-ն դարձել է համալսարանը ժամանակակից ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոնի վերափոխման ռազմավարական նպատակի իրականացման լոկոմոտիվներից մեկը։

Վարդան Ուռուտյանի՝ ռեկտոր ընտրվելուց ի վեր շրջադարձային փոփոխություններ են կատարվել համալսարանի նաեւ այս կարեւոր ենթակառույցում։ Փոփոխություններն ու արդիականացման գործընթացը սկսվեց Ոսկետատի տնտեսությունում Գինեգործական ուսումնագիտական կենտրոնի բացմամբ։ Այս կենտրոնում է ստեղծվել եւ հայրենական շուկա դուրս եկել Ագրարային համալսարանի բարձրորակ «Սերունդ» գինին։ Բուն արտադրությունից բացի, այստեղ իրականացվում են նաեւ հետազոտական, վերապատրաստողական նախագծեր ու ծրագրեր, որոնց շահառուներն են ոչ միայն ուսանողները, այլեւ տարածաշրջանի ֆերմերները, սոցիալական տարբեր շահակից խմբերի ներկայացուցիչներ։

ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության եւ ՀՕՖ-ի աջակցությամբ Ոսկեհատում հիմնվել է փորձացուցադրական բանջարանոց, որտեղ ցուցադրվում են ավանդական մշակաբույսերի մշակության նոր եւ նորարարական տեխնոլոգիաներ։

Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ, ICARE հիմնադրամի հետ համատեղ 2020 թ․ փետրվարին մեկնարկել է այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ՖՐՈՒՏԵՆԻԱ մեգանախագիծը, որի շրջանակում արդիականացվել են ագրոնոմիական կրթական ծրագրերը՝ ներդրված նոր առարկաներով, դասավանդման նոր մեդոթներով, վերապատրաստվել են այդ ծրագրերը դասավանդող դասախոսները։ Ոսկեհատի ՈՒՓՏ-ում հիմնվել է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած 1,5 հա ինտենսիվ այգի՝ սալորենու, կեռասենու, դեղձենու եւ ծիրանենու ընդհանուր առմամբ 40 մշակաձեւերի տնկիներով, ոռոգման կաթիլային համակարգով եւ կարկտապաշտպան ցանցերով։ Այգին ակտիվորեն օգտագործվում է ոչ միայն ուսանողների, այլեւ ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում վերապատրաստվող տասնյակ պտղաբույծ ֆերմերների գործնական ուսուցման նպատակներով։ Նախագծի շրջանակում ձեռք են բերվել տրակտոր եւ գյուղատնտեսական այլ տեխնիկա։

Հրապարակվել է ինտենսիվ այգեգործության, տնկարանների հիմնման եւ կառավարման, տարբեր պտղատեսակների մշակության վերաբերյալ մասնագիտական նոր գրականություն։

Նախագծի շրջանակում ստեղծվել է www.aygi.am կայքը, որն ունի 5 հիմնական էջ՝ Տեսանյութեր, Հրապարակումներ եւ խորհրդատվություն, Վերապատրաստումներ, Ծրագրեր, Ծառայություններ։ Պարբերաբար թարմացվող կայքը պտղաբուծության ոլորտի շահառուներին հնարավորություն է տալիս ձեռք բերել ոլորտին առնչվող գիտելիքներ։