Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը հյուրընկալեց HELVETAS Swiss Intercooperation-ի տարածաշրջանային RECONOMY ծրագրի հաղորդակցությունների ղեկավար Սաբին Սելիմիին եւ ծրագրի հայաստանյան համադրող Լիլիթ Մելիքսեթյանին։ Հիշեցնենք, որ RECONOMY-ի աջակցությամբ մեր գործընկեր Ռազմավարական զարգացման գործակալության (ՌԶԳ) «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում վերակառուցվել եւ կահավորվել է ՀԱԱՀ-ի Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիան։
Ճանաչողական-հաշվետվողական նպատակ հետապնդող այցելության հիմնական հասցեն հենց լաբորատորիան էր, որի ստեղծման պատմության, այստեղ իրականացված եւ իրականացվող դասընթացների, դրանց թիրախային խմբերի կազմի վերաբերյալ պարոն Սելիմին գոհունակությամբ իմացավ տիկին Վարդանյանից, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանից եւ այդ պահին շոկոլադագործության դասընթացի մասնակից ուսանողներից ու դասընթացավար Գայանե Ապերյանից։
Սաբին Սելիմին եւ Լիլիթ Մելիքսեթյանը գոհունակությամբ տեղեկացան այն մասին, թե լաբորատորիան ինչպես է հաջողությամբ ծառայում բուն նպատակին՝ ուսանողների գործնական ուսուցում եւ տարբեր տեւողությամբ կարճաժամկետ դասընթացներ թիրախային տարբեր շահառուների համար, որոնց մեջ, անշուշտ, գերակշռում են կանայք եւ երիտասարդները։ Պարոն Սելիմիին հատկապես դուր եկավ այստեղ ուսանողներին ազատ ստեղծագործելու եւ ընդհուպ մինչեւ սեփական բրենդը ստեղծելու հնարավորություն տալն ու այդ հարցում աջակցությունը։ Անշուշտ, հյուրերին դուր եկան նաեւ ուսանողների պատրաստած առանձնահատուկ շոկոլադները։