«Արեւորդի» փառատոնի գլխավոր մրցանակակիր ֆիլմը դիտեցին ռեկտորի հետ

Վերջերս տեղի ունեցած «Արեւորդի» 11-րդ միջազգային փառատոնի «Լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում գլխավոր մրցանակը շահած՝ գերմանա-դանիական «Սառույցների միջով» (Into the Ice) ֆիլմը ուսանողները դիտեցին Ագրիթեքի սրահում՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Սմբատ Դավեյանի եւ բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանի հետ։ Ֆիլմի ռեժիսորը դանիացի Լարս Հենրիկ Օսթենֆելդն է։

Փառատոնի միջազգային ժյուրիի հայաստանյան կազմում երկուսն էին՝ ռեկտոր Ուռուտյանը եւ կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը։ Դիտումից առաջ պարոն Ուռուտյանը պատմեց փառատոնի, դրա նշանակության, ֆիլմի, կլիմայի փոփոխության եւ առհասարակ բնապահպանական հարցերը մշտական ուշադրության կենտրոնում պահելու եւ որպես ագրարայինցիներ՝ պատասխանատվության մեր բաժինը կրելու անհրաժեշտության մասին։

Փառատոնի շրջանակում ցուցադրվել են բնապահպանական թեմաներով լավագույն 30 ֆիլմերը տարբեր երկրներից։ Այն հետապնդում է հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ոլորտի կրթության կազմակերպման նպատակներ։ Անցկացվել է նաեւ «Կանաչ թղթակիցների դպրոցը», որի նպատակը բնապահպանական թեմաներով գրող երիտասարդների որակավորման բարձրացումն է։

Ուսանողները շատ հավանեցին ֆիլմը, որ իսկապես ազդեցիկ է․ իսկ դիտումից անմիջապես հետո փորձում էին ճշտել՝ արդյոք նախատեսվո՞ւմ են մասնագիտական թեմաներով այլ ֆիլմերի ցուցադրումներ, որոնց հաճույքով կմասնակցեն, մանավանդ՝ ռեկտորի հետ։