Պարենամթերքի տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Սմբատ Դավեյանը եւ Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի աշխատակիցներն այսօր առանձնակի ոգեւորության առիթ ունեին, որ չէին էլ թաքցնում․ ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Հասմիկ Տեր-Մովսեսյանի ծննդյան հոբելյանն էր, ինչպես նաեւ Ագրարային համալսարանում նրա աշխատանքային գործունեության 40-ամյակը։
Պարոն Դավեյանը ըստ արժանվույն գնահատեց դոցենտ Տեր-Մովսեսյանի երկարամյա ներդրումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնում, որտեղ աշխատել է սկսած 1982 թ․-ից։ Հետազոտող դասախոսի մասնագիտական վաստակն ու մարդկային լավագույն հատկանիշները բարձր գնահատեցին նաեւ ամբիոնի վարիչ, դոցենտ Նունե Սիմոնյանը եւ ամբիոնի աշխատակիցները։
Ծննդյան եւ աշխատանքային հոբելյանների կապակցությամբ համալսարանի անունից վաստակաշատ դասախոսին «Խրիմյան հայրիկ-200» հուշադրամ հանձնեց պարոն Դավեյանը։ Ամբիոնը, որ համալսարանում հայտնի է նվիրյալ մասնագետներից կազմված իր կուռ թիմով, ըստ արժանվույն նշեց թիմի անդամի հոբելյանը եւ հույս հայտնեց, որ իր գիտելիքներով, կենսափորձով, առինքնող բնավորությամբ ու նվիրվածությամբ դոցենտ Տեր-Մովսեսյանը երկար տարիներ կշարունակի ծառայել իր ուսանողներին, համալսարանին ու հայրենիքին։
Հասմիկ Տեր-Մովսեսյանի կենսագրությանը կարելի է ծանոթանալ այստեղ։