Մասիսի գյուղատնտեսական եւ Արարատի տարածաշրջանային քոլեջներն այստեղ էին

Մասնագիտական կողմնորոշման նպատակով Ագրարային համալսարանում էին Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի եւ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի տարբեր կուրսերի ուսանողներից բաղկացած բավականին պատկառելի պատվիրակությունը՝ դասախոսների ուղեկցությամբ։ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում նրանց դիմավորեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակից Մանե Շուշանյանը եւ հակիրճ ներկայացրեց համալսարանի կրթական ծրագրերը, համալսարանում ուսման եւ անհատական զարգացման համար ստեղծված արդիական պայմանները եւ աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող ագրարային մասնագիտությունների հեռանկարները։

Տիկին Շուշանյանն այնուհետեւ քոլեջականներին ուղեկցեց Ընդհանուր քիմիայի լաբորատորիա, որտեղ քոլեջականները ականատես եղան մի քանի հետաքրքիր քիմիական փորձերի, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական տեխնոլոգիական կենտրոն, ագրոդրոնների լաբորատորիա, խելացի ջերմատուն, գինեդարան, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլոդագործության եւ Գարեջրագործության եւ թորման լաբորատորիաներ։

Յուրաքանչյուր ստորաբաժանումում երիտասարդները գտան իրենց թեման, տվեցին հետաքրքրող հարցերը, ստացան սպառիչ պատասխաններ, անմիջական արձագանք տվեցին տեսածին ու լսածին, չզլացան իրենց առանձնակի հետաքրքրությունն առաջացրած տեղեկությունների վերաբերյալ «հարցազրույց վարել»։

Շատերը հեռացան՝ համալսարանի հետ ոչ վերջին հանդիպման ներքին զգացողությամբ։ Համալսարան վերադառնալու՝ գուցե արդեն որոշում կայացրած, նրանց հնարավոր մտադրությունը միշտ էլ կհանդիպի Կարիերայի կենտրոնի մասնագետների եւ ընդհանրապես ագրարայինցիների հյուրընկալ վերաբերմունքին ու կստանա մասնագիտական բարձր մակարդակի աջակցություն, ներառյալ համալսարան ընդունվելու համար անհրաժեշտ հիմնարար մի քանի առարկաների անվճար դասընթացներ։