Միջազգային կապերի պատասխանատուների հանդիպում Էրասմուս+ -ի շրջանակում

Նոյեմբերի 8-ին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում հավաքվել էին հայաստանյան բուհերի միջազգային կապերի պատասխանատուները՝ քննարկելու բուհերում ներառականության վիճակը, առկա մարտահրավերները, ինչպես նաեւ փոխանակելու այս ոլորտում եղած լավագույն գործելակերպերն ու քաղված դասերը։

Հանդիպումը բացեց եւ ներկաներին Էրասմուս+-ի 2021-2027 թթ․ ծրագրային ուղղություններին ու հայաստանյան առաջին կանչի արդյունքներին հաղորդակից դարձրեց Հայաստանում Էրասմուս+-ի համակարգող Լանա Կառլովան՝ մասնավորապես ներկայացնելով ԵՄ եւ ասոցացված ու չասոցացված երկրների, այդ թվում Հայաստանի բուհերի համար նախատեսվող ավանդական եւ նոր հնարավորությունները։

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը ներկայացրեց Էրասմուս+-ի կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2015-2021 թթ․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի կատարած աշխատանքի վերլուծություն։ Ներկայացումից, մասնավորապես, պարզ դարձավ, որ նշված ժամանակահատվածում Ագրարայինի հետ համագործակցող ԵՄ համալսարանների թիվը հասել է 51-ի, շարժունություն է իրականացվել ԵՄ 18 երկրների հետ, ՀԱԱՀ 199 աշխատակից վերապատրաստում է անցել կամ դասավանդել ԵՄ-ում, եվրոպական համալսարաններից 75 դասախոս դասավանդել է ՀԱԱՀ-ում, ԵՄ-ում ուսանել է ՀԱԱՀ 122 ուսանող։

Պարոն Համբարձումյանի ներկայացումը տպավորեց գործընկերներին։ Տիկին Կառլովան նշեց, որ այսպիսի համակողմանի վերլուծություն առաջին անգամ է իրականացվում եւ մյուս բուհերի մեր գործընկերներին խրախուսեց էրասմուսյան շարժունության վերաբերյալ համանման վերլուծություն կատարել։

Էրասմուսյան հանդիպումը շարունակեց Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի կրթական ծրագրերի մշակումների բաժնի ղեկավար Ռուզաննա Մինասյանը, որը ներկայացրեց ակադեմիայում իրականացված Inclusion («Ներառականություն») ծրագրի ազդեցությունը եւ քաղած դասերը։ Իսկ Էրասմուսի հայաստանյան գրասենյակից Էդիթ Սողոմոնյանը՝ սոցիալական ներառականության վերաբերյալ հայաստանյան բուհերում անցկացված հետազոտության արդյունքները։ Արձանագրվեց, որ հայաստանյան բուհերում ներառականությունը լուրջ խնդիր է, որ հանգում է խոցելի զանազան խմբերի (սոցիալապես եւ հատուկ կարիքավորներից մինչեւ պատերազմի վետերաններ ու տեղահանվածներ, ազգային փոքրամասնություններ եւ այլն) համար առկա բազմաթիվ դժվարությունների։ Քննարկվեցին եւ առաջարկվեցին կարճաժամկետ եւ երկարաժամկետ լուծումներ։