Գինու ծով՝ հոգեպարար ու գրավիչ

«Եկեք խոսենք գինու մասին» միջոցառումը մեկ հարթակում էր հավաքել շուրջ 30 գինեգործի, գինեսերի, զբոսաշրջության մասնագետի ու բլոգերի:

Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամն այդ հանդիպում-քննարկումը կազմակերպել էր Եւրամիության «Գինու ծով» ծրագրի շրջանակում: Գործընկեր երկրների՝ Վրաստանի, Հունաստանի եւ Ուկրաինայի հետ համատեղ իրականացվող «Գինու ծով» ծրագրի հիմնական նպատակը՝ Սեւծովյան տարածաշրջանը որպես գինու զբոսաշրջային վայր զարգացնելն ու ապրանքը շուկա հանելն է:

Մասնագիտական խմբի հետ հանդիպմանը, ICARE հիմնադրամը ներկայացրեց՝ Սեւծովյան գինու ուղու եւ տարածաշրջանի գինու ոլորտի մասին համապարփակ տեղեկություն պարունակող՝ seaofwine.travel վեբ կայքը, որտեղ ներկայացված են ծրագրով մշակված՝ հայկական գինու վեց թեմատիկ երթուղի եւ գործընկեր չորս երկիր, գինու մեկ միասնական զբոսաշրջային երթուղին:

Վերջին տարիներին գինու տուրիզմը Հայաստանում լայն թափ է առնում: Ճանապարհորդության այս տեսակի գաղափարն այն է, որ զբոսաշրջիկները ցանկանում են ծանոթանալ մեր երկրում՝ խաղողի մշակությանը, հիմնական սորտերին, տեղանքի պատմությանը, հենց արտադրամասերում համտեսել գինին, շփվել գինեգործների հետ, երբեմն անգամ մի քանի օրով ապրել նրանց հետ ու մոտիկից ծանոթանալ գինեգործական առօրյային: Կայքում ներկայացված գինու վեց երթուղին հրաշալի հնարավորություն են Հայաստան այցելած տուրիստների համար՝ պարզ ու մատչելի ձեւով գտնելու նման ծառայություններ մատուցող ընկերությունները ու գաստրոբակերը:

Հանդիպմանը ծրագրի պատասխանատուներ Անի Մանասերյանը եւ Մարինա Միրզաբեկյանը մանրամասն ներկայացրեցին կայքի կառուցվածքը, այնուհետեւ լսեցին առաջարկություններ ու միասին քննարկեցին ոլորտային մի շարք հարցեր:

Եւ իհարկե, միջոցառումը ընթացավ հայկական գինիների համտեսով:

Հ.Գ. Ժողովրդական բանահյուսությունը վկայում է, որ գինին, աշխատավարձն ու արձակուրդի օրերը երբեք շատ չեն լինում: Բայց լավ է, որ արդեն գինու ծով է՝ մինչեւ Սեւ ծովի ավազան…