Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանին ArLeAM ընկերությունում ընդունել են գլխավոր տնօրեն Վաչե Արսենը եւ ագրոնոմ-խորհրդատու Գաբրիել Մեղրունին։ ՀԱԱՀ-ի ռեկտորի հետ շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարները ներկայացրել են իր տեսակով եզակի այս գյուղատնտեսական հոլդինգի արտադրական կարողություններն ու «խելացի» գործելակերպերը արտադրության տարբեր ուղղվածություններում եւ փուլերում։
Ինտենսիվ այգու հիմնումով մեկնարկած ArLeAM ընկերությունն այսօր մատուցում է պտուղ-բանջարեղենի խելացի տեսակավորման, գյուղմթերքի փաթեթավորման, սառնարանային պահպանման, լաբորատոր եւ այլ ծառայություններ, ինչպես նաեւ զբաղվում մրգերի արտահանմամբ, գինու, մրգային օղու, չրերի եւ մրգային չիփսերի արտադրությամբ, մի շարք մթերքների բրենդավորմամբ եւ վերավաճառքով։
ArLeAM-ը Ագրարային համալսարանի լավագույն գործընկերներից է, մասնավորապես՝ ուսանողների աշխատանքային կիսամյակի իրականացման հարցում։ Գործընկերությունն առաջիկայում խորացվելու է, եւ այս թեման ռեկտոր Ուռուտյանն ու պարոն Արսենը առիթ ունեցան քննարկելու այցի ընթացքում։ Նրանք շուտով ավելի համապարփակ համագործակցության հուշագիր կկնքեն։ Ընդ որում այս ընկերությունում իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները զարգացնելու հնարավորություն ունեն գործնականում բոլոր ֆակուլտետների ուսանողները։
Գործակցությունը հեռանկարային է ոչ միայն այն առումով, որ ArLeAM-ը արագ զարգացող, տեխնոլոգիական հարուստ «զինանոց» ունեցող, նորանոր ուղղություններ յուրացնող (թվարկվածներից զատ՝ նաեւ ագրոտուրիզմ, ձիարշավարան․․․) ընկերություն է, այլեւ Ագրարային համալսարանի հետ ընդհանուր արժեքներ ու պատկերացումներ ունի մեր երկրի զարգացման ու բարգավաճման վերաբերյալ։