Հիմնվել է Հայաստանի անտառային դաշինքը․ ռեկտոր Ուռուտյանը գիտական խորհրդում է

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը երեկ՝ նոյեմբերի 1-ին, մասնակցել է Հայաստանի անտառային դաշինքի շնորհանդեսին եւ ելույթ ունեցել որպես նորաստեղծ կառույցի գիտական խորհրդի անդամ։ Կազմակերպության համահիմնադիրներն են անտառատնկման եւ անտառվերականգնման ոլորտում ակտիվորեն գործող երեք հասարակական կազմակերպություններ՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական ՀԿ-ն եւ «Շեն» բարեգործական ՀԿ-ն։

Դաշինքի նպատակն է առաջ մղել անտառների պահպանման, վերականգնման եւ անտառապատման խնդիրները։

Դաշինքի ստեղծումը ողջունել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Համահիմնադիր կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են անտառների պահպանության եւ հարակայուն կառավարման, նոր անտառների ստեղծման եւ այս հարցերում կառավարությանն աջակցելու իրենց ստանձնած պարտավորությունները։

Ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր խոսքում ողջունել է թե Դաշինքի եւ թե դրա գիտական խորհրդի ստեղծումը՝ անտառվերականգման, պահպանման եւ հարակայուն կառավարման գործում գիտության, կրթության եւ նոր տեխնոլոգիաների կիրառման կարեւորության տեսանկյունից։ Նա գոհունակություն է արտահայտել, որ դաշինքն ի սկզբանե հիմնվում է այս կարեւոր սկզբունքի վրա եւ արտահայտել է Ագրարային համալսարանի պատրաստակամությունն՝ իր կրթագիտական, լաբորատոր-հետազոտական եւ խորհրդատվական ներուժով աջակցելու դաշինքի սահմանած նպատակների իրականացմանը։

Մասնավորապես, Ագրարայինը գիտակցում է իր դերը մինչեւ 2050 թվականը անտառային ծածկույթի կրկնապատկման՝ Հայաստանի հանձնառության իրականացման գործում եւ այս առումով ըստ ամենայնի աջակցելու է նորաստեղծ դաշինքին։

Լուսանկարների համար շնորհակալություն ենք հայտնում Շրջակա միջավայրի նախարարությանը: