Ագրարային համալսարանը մասնակցեց Պանրի օրվան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցեց հոկտեմբերի 28-ին Տաշիր քաղաքում տեղի ունեցած «Պանրի օր Տաշիրում» միջոցառմանը, որն իրականացվեց RECONOMY-ի «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի եւ «Հայաստանի պանրագործների միություն» (ՀՊՄ) ՀԿ-ի հետ համատեղ։ Միջոցառումը բացառիկ հնարավորություն էր ընձեռել ֆերմերներին ցուցադրելու եւ վաճառելու իրենց արտադրանքը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Լոռու մարզի պանիր արտադրող 6 ընկերություն, որոնք ոչ միայն ներկայացրեցին եւ վաճառեցին իրենց արտադրանքը, այլ նաեւ մրցեցին երեք անվանակարգով՝ լավագույն նորույթ, լավագույն ավանդական պանիր եւ լավագույն լոռի։

Միջոցառումը լավ առիթ էր ներկայացնելու Ագրարային համալսարանի կրթական ծրագրերը, կարճաժամկետ դասընթացները, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի պատրաստած անուշահամ հացերը եւ, անշուշտ, «Սերունդ» գինիները։ Եվ այս պարտականությունը հաճույքով կատարեցին Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Մարինա Կարախանյանը, դասախոսներ Ալիս Գրիգորյանը, Մերի Բաղդասարյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակից Անի Հովակիմյանը եւ ուսանողները։

Ուսանողները նաեւ հնարավորություն ունեցան մասնակցելու ցուցադրական դասին՝ բարձրարժեք պանիրների պատրաստման ցուցադրությամբ։ Ակտիվ մասնակցության համար համալսարանի պատվիրակությունը հավաստագիր ստացավ Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանից։