Հողագիտության ԳԿ պատվիրակությունը «Տիմիրյազեւկայում»․ ավանդական գործընկերություն՝ նոր հնարավորություններ

2022թ․ հոկտեմբերի 12-15-ը Ռուսաստանի պետական ագրարային համալսարանի Տիմիրյազեւի անվ. Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիայում տեղի ունեցավ Միջազգային գիտաժողով «Սելեկցիայի հիմնախնդիրները 2022» խորագրով։  Գիտաժողովին մասնակցության պաշտոնական  հրավեր էր ստացել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հ. Պետրոսյանի անվան Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոն մասնաճյուղի գիտնականների խումբը՝ կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Գայանե Գասպարյանի գլխավորությամբ։ Խումբը ձեւավորվել էր գիտաժողովի նախընտրական փուլում թեզիսներ ներկայացրած եւ գիտական կենտրոնում իրականացվող երեք ծրագրերի արդյունքների հիման վրա, ընդ որում երեք ծրագրերն էլ ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը՝ ՀՀ Գիտության կոմիտեի աջակցությամբ։

Գիտաժողովի մասնակիցներին առանձնապես հետաքրքրեցին Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված երկու թեմաներում կատարված հետազոտությունների հիման վրա ներկայացված՝ «Նոր քիմիական բաղադրությամբ ջրալույծ պարարտանյութի (ՋՀՊ) կիրառմամբ սերմերի կենսունակությունը, բույսերի աճը եւ բերքատվությունը բարձրացնելու հնարավորություններ»,  «Սիս կենսահումուսի մշակման պայմաններում տաքդեղի երեք սորտերի արդյունավետության համեմատական վերլուծություններ՝ 2021-2022 թթ․» եւ բազային ֆինանսավորման շրջանակում իրականացվող  «Մշակության տեխնոլոգիաների ազդեցությունը աշնանացան ցորենի ինտենսիվ սորտերի արդյունավետության վրա՝ Արարատյան հարթավայրի աղուտ–ալկալի մելիորացված հողերի պայմաններում» գիտական զեկուցումներում զետեղված ուսումնասիրությունների արդյունքները։

Գիտաժողովի բացման նիստում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԱՀ Հ. Պետրոսյանի անվան Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը, որը ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի անունից Տիմիրյազեւի անվ. ՄԳԱ ռեկտորին եւ գործընկեր համալսարանին փոխանցեց բարեմաղթանքներ։ Տիկին Գասպարյանը Տիմիրյազեւկայի գործընկերներին սիրով նվիրեց ՀԱԱՀ գիտնականների եւ ուսանողների համատեղ ջանքերով արտադրված «Սերունդ» գինին, որն ընդունվեց որպես երկու բուհերի ավագ եւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների  շարունակական համագործակցության խորհրդանիշ։

Հայկական պատվիրակությունը գիտաժողովի շրջանակում հանդիպումներ ունցավ Տիմիրյազեւի անվ․ համալսարանի տարբեր ֆակուլտետների դեկանների եւ գիտական կենտրոնների տնօրենների հետ, այցելեց Կոլեկտիվ օգտագործման ուսումնագիտական կենտրոն, Քիմիական միացությունների համալիր անալիզի լաբորատորիա, գիտական գրադարան եւ գիտական նորարարական գործունեության վարչություն։

Քննարկվեցին համագործակցության հնարավոր նոր ուղղություններ։ Տիմիրյազեւի անվան Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիայի գործընկերներից հնչեցին երկու բուհերի միջեւ պայմանագրային հիմունքներով համագործակցության առաջարկություններ։