ՀԱԱՀ Անասնաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Մարինա Կարախանյանը, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տ.գ.թ. Նունե Սիմոնյանը, անասնաբուծության ամբիոնի դոցենտ, Բալահովիտի ՈՒՓ տնտեսության ֆերմայի վարիչ Արեւիկ Ազիզյանը մայիսի 29-ից հունիսի 5-ը աշխատանքային այցով Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում էին:
Ակներեւ է, որ երկու համալսարանների արդեն տարիներ շարունակվող համագործակցությունն արդյունավետ է: Այս անգամ էլ հագեցած այցի մանրամասներն իր գործընկերներին ներկայացրեց Մարինա Կարախանյանը:
Ագրարայինի մասնագետներն այցելել են խելացի գոմ, խնձորի վերամշակման արտադրամաս, կաթնամթերքի արտադրամաս, համալսարանին կից գործող մանրէաբանական լաբորատորիա, մսամթերքի արտադրամաս, մսի տեխնոլոգիական լաբորատորիա, կից գործող սպանդանոց, սննդամթերքի տեխնոլոգիական լաբորատորիա, տեխնոլոգիական ինկուբատոր:
Բանախոսը հակիրճ, բայց հանգամանալի խոսեց գերմանացի մասնագետների ձեռքբերումների մասին, շնորհանդեսի միջոցով ցուցադրեց նրանց կողմից կիրառվող ժամանակակակից մեթոդներն ու արդիական սարքավորումները:
Հուրախություն՝ ծավալված հարցուպատասխանի ժամանակ պարզվեց, որ մեր համալսարանում արդեն գործող մի շարք նորարարական լաբորատորիաներում օգտագործվող սարքավորումները ոչնչով չեն զիջում, իսկ որոշները նույնիսկ ավելի ժամանակակից են:
Իհարկե, սովորելու բան միշտ էլ կա: Եվ, քանի որ Ագրարայինում փորձացուցադրական լաբորատորիաներ են բացվելու, վերապատրաստման առումով այս այցն էլ խիստ տեղին էր եւ արդյունավետ:
Հանդիպման վերջում Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող Սմբատ Դավեյանը շնորհակալություն հայտնեց տիկին Կարախանյանին՝ բովանդակալից տեղեկատվության համար եւ կարեւոր ու օգտակար համարեց արտերկրում վերապատրաստում կամ փորձի փոխանակում անցնող աշխատակիցների հետ համանման հանդիպումները։