Գիտական խորհրդի այսօրվա՝ հունիսի 9-ի հերթական նիստը, որը նախագահում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մեկնարկեց վերջերս բազկամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչում նվաճած ՀԱԱՀ շրջանավարտ, աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Ադամյանին եւ դասախոս Դավիթ Ներսիսյանին շնորհակալագրով պարգեւատրելու հաճելի արարողությամբ։
Համալսարանը ագրարայինից ագրոտեխնոլոգիականի վերափոխվելու վերաբերյալ հարցի մասին զեկուցումով հանդես եկավ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Նա նշեց, որ վերջին տարիներին համալսարանում իրականացված մեծ ծավալի բարեփոխումները՝ բովանդակային եւ ենթակառուցվածքային առումով համալսարանը հասցրել են մի հանգրվանի, որը թույլ է տալիս սկսել ագրոտեխնոլոգիական համալսարանի վերաբրենդավորման բուն գործընթացը։ «Արդյունաբերական հեղափոխության ենթարկվող ժամանակակից գյուղատնտեսության պայմաններում վերաբրենդավորմամբ մենք կկարողանանք երկրի եւ միջազգային կրթական միջավայրում ներկայանալ նոր որակներով, որը թույլ կտա համալսարանը դիրքավորել առաջադեմ եւ մրցունակ բուհերի շարքում»,- ասաց պարոն Ուռուտյանը եւ հավելեց, որ սա սոսկ պարզ անվանափոխություն չէ, այլ համալսարանի ռազմավարական ծրագրով նախատեսված բովանդակային եւ խորքային փոփոխություն։
Գիտխորհրդի անդամները հավանություն տվեցին վերաբրենդավորման եւ համալսարանի անվանափոխության հարցով Կառավարությանն ու Հոգաբարձուների խորհրդին դիմելու առաջարկին եւ միաձայն կողմ քվեարկությամբ արտահայտեցին իրենց վերաբերմունքն այս կարեւոր հարցի կապակցությամբ։
Կրթության որակի ապահովման եւ վերահսկման ընթացքի, բարելավման ուղիների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը, որն արձանագրեց՝ առաջընթացն ակնհայտ է, անելիքներն ու բարելավման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը՝ նույնպես։
Գիտխորհուրդը նաեւ ընտրական էր․ կազմակերպվեց ամբիոնի վարիչի թափուր պաշտոնների մրցույթ։ Փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների գերակշիռ մեծամասնությամբ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի, Գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի եւ ախտաբանական անատոմիայի եւ Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնների վարիչներ ընտրվեցին, համապատասխանաբար, Մարինե Մարկոսյանը, Աշխեն Գրիգորյանը եւ Հայկ Կիրակոսյանը (վերջինս՝ առաջ անցնելով մեկ այլ հավակնորդից՝ Թ․ Սոֆյանից):