Այս շաբաթ ՀԱԱՀ-ն իրականացրեց իր հերթական ներգնա շարժունությունը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում։
Այս անգամ մեր հյուրն էր Յագելոնյան համալսարանի միջազգային և քաղաքական հետազոտությունների ֆակուլտետի դոցենտ Պյոտր Բայորը, ով համալսարան էր եկել դասավանդման նպատակով։
Այցի առաջին օրը մեր հյուրը այցելեց ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեց դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանին և աշխատակից Զ․ Պողոսյանին։ Նրանք ներկայացրեցին համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները, կրթական համակարգն ու նորարարությունները, ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցության հնարավորություններն ու առկա ծրագրերը, ինչպես նաև հյուրի աշխատանքային գրաֆիկը։ Քանի որ դա Պ․ Բայորի երկրորդ այցն էր համալսարան, հանդիպման ժամանակ առավել շեշտադրվեցին մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսների բարելավմանն ուղղված համալսարանի ջանքերն ու ձեռքբերումներն այդ ուղղություններով։
Հյուրն այցելեց նաև ագրոտեխնոլոգիական ինկուբատոր, որտեղ ագրոտեխնոլոգիական ինկուբատորի համակարգող և միջազգային կապերի աշխատակից Սուսաննա Հայրապետյանը ներկայացրեց ագրոտեխնոլոգիական ինկուբատորի գործունեությունը, իրականացված ծրագրերը, դրա կարևորությունը համալսարանի և Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հեռանկարներում։ Պյոտր Բայորը եղավ նաև ՀԱԱՀ տարբեր ստորաբաժանումներում և ծանոթացավ տարբեր ենթակառուցվածքների գործունեությանը՝ գիտական գրադարանին, սննդամթերքի անվտանգության լաբորատորիային, տարբեր ամբիոններին, նոր բացված գինու և հացի ու շոկոլադի լաբորատորիային, գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիային, տեստային կենտրոնին, ընթերցասրահին և այլն։ Շրջայցի նպատակն էր ցույց տալ, թե ինչպիսի պայմաններում են սովորում մեր ուսանողները, և թե ինչ է առաջարկում մեր համալսարանը ներգնա շանժունությամբ հետաքրքրված ուսանողությանը և դասախոսական անձնակազմին։
Լեհ դասախոսի դասախոսությունների թեման էր Լեհաստանի տնտեսական իրավիճակը՝ 1989 թվականից հետո, տնտեսական և սոցիալական վերափոխումների ժամանակ: Քննարկվեցին նաև Լեհաստանի տնտեսական միգրացիայի ասպեկտները դեպի արևմտյան երկրներ՝ 2004 թվականին Եվրամիությանն անդամակցելուց հետո։
Շարժունության ավարտին հյուրը հայտնեց իր գոհունակությունը և ցանկությունը ՀԱԱՀ-ի հետ երկարատև համագործակցություն ունենալու, ինչպես նաև անցկացնելու համատեղ հետազոտություններ։ Նա նշեց, որ սա իր 4-րդ այցելությունն է Հայաստան, և որ ամեն անգամ Հայաստանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ավելի հրապուրիչ է թվում։