Հունիսի 3-ին ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում մեր բուհում մեկնարկեց «Հավասար կրթական իրավունքներ» վերապատրաստման դասընթացը, որը վարում է Գայանե Ասատրյանը:
Քանի որ մասնակցության հայտերը շատ էին, այն իրականացվում է երեք խմբով՝ երեքական օր տեւողությամբ: Այսօր՝ հունիսի 7-ին, կամփոփվեն առաջին խմբի աշխատանքները:
Ի՞նչ է հաշմանդամությունը: Ֆիզիկական եւ հեգեւոր զարգացման ո՞ր խնդիրներ ունեցողներին կարող ենք բնութագրել այս եզրույթով: Մարդկության պատմության ընթացքում՝ գիտության, մշակույթի որքան վառ անհատականություններ են եղել, որոնք լիովին «տեղավորվում» են այս տիրույթում: Եւ ինչքան դժգույն կարող էր լինել այդ փառահեղ գանձարանն առանց Դոստոեւսկու, Մոցարտի, Բեթհովենի, Գոյայի, Վրուբելի, Հոքինգի: Որի՞ն հիշենք: Ուրեմն՝ նրանց տրվել է հնարավորություն: Կայանալու, ինքնարտահայտվելու, արարելու հնարավորություն՝ ի շահ մնացած բոլորի: «Սովորականների»: Այս նուրբ հարցերը աշխուժորեն քննարկեցին դասընթացի մասնակիցները:
Հասարակությունը բարձր է, երբ ապահով է ծերությունը, երբ խնամված ու պաշտպանված է մանկությունը, երբ կայանալու համար հավասար հնարավորություններ են տրվում բոլորին:
Այս առումով հատկապես կրթության ոլորտն է ամենապատասխանատու առաքելությունն իրականացնում: Լսարանում ուշադիր լինել խոցելի մարդկանց հանդեպ, բայց աննկատելի: Որովհետեւ ընդգծված ու ակնհայտ հոգածությունն էլ է խոցող: Լսարանում պետք է կարողանանք գտնել ուշադրության այն գրագետ-ողջախոհ չափաբաժինը, որ ապագա հոքինգների կայացումը չխաթարենք: Առանց այն էլ նրանց ճակատագիրը միիիիիի քիչ խաթարված է…