Հունիսի 3-ին տեղի ունեցավ Ագրոբիզնեսի մագիստորսական ծրագրի եւ Ի Վի Էն գինու ակադեմիայի ավարտական համատեղ արարողությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենի տեղակալ Ռեբեկա Ուայթի, Տեխասի А&M համալսարանի պրոֆեսոր Ջոն Նիքըլսի, ռեկտոր Վարդան Ուռուտյանի մասնակցությամբ։
Ջերմորեն ողջունելով շրջանավարտներին, տիկին Ուայթը եւ դոկտ․ Նիքըլսը ըստ արժանվույն գնահատեցին ԱՈՒԿ-ում եւ Ի Վի Էն-ում նրանց ստացած բարձրակարգ կրթությունն ու միջազգայնորեն մրցունակ որակավորումը։
Շրջանավարտներին ուղղված իր ողջույնի խոսքում ռեկտոր Վարդան Ուռուտյանը վստահություն հայտնեց, որ ստացած արդիական գիտելիքների, հմտությունների եւ փորձի շնորհիվ կգտնեն իրենց ուրույն տեղը ագրոբիզնեսի եւ հարակից ոլորտներում։ Նա շնորհակալություն հայտնեց երկու համբավավոր միջազգային կրթական ծրագրերին աջկացկող միջազգային կառույցներին՝ ԱՄՆ ՄԶԳ-ին եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերությանը։ Ռեկտոր Ուռուտյանը որպես ուրախալի փաստ նշեց, որ այս երկու կառույցները վերջին տարիներին, շնորհիվ արմատական բարեփոխումների, այլեւս բացառություն չեն Ագրարային համալսարանում, սակայն շարունակում են մնալ համալսարանի դրոշակակիր ստորաբաժանումները։ Ռեկտորը համոզմունք հայտնեց, որ շրջանավարտները համալրելու են այն պայծառ հայ երիտասարդների շարքերը, որոնք, դիմակայելով աննախադեպ մարտահրավերներին, իրենց ամենօրյա աշխատանքով մոտեցնելու են Հայրենիքի պայծառ ապագան։
ԱՈՒԿ-ի եւ Գինու ակադեմիայի ավարտական կուրսերի անունից շնորհակալական խոսքով հանդես եկան համապատասխանաբար Լիլիթ Ղազարյանը եւ Տաթեւ Խաչատուրյանը։ Լիլիթը նաեւ ոգեկոչեց համակուրսեցի Ահարոն Արսենյանի անմար հիշատակը, որն անմահացել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
Արարողության ավարտին պարոն Ուռուտյանը ՀԱԱՀ Ոսկե հուշամեդալով պարգեւատրեց դոկտ․ Ջոն Նիքըլսին՝ ՀԱԱՀ-ի հետ երկարամյա նշանակալի ռազմավարական գործընկերության եւ ագրարային կրթության ոլորտում մեծագույն ավանդի համար։