Գյուղատնտեսական գիտության եւ Ագրարային համալսարանի երախտավորների փաղանգից մեկ գույն էլ պակասեց․ վախճանվել է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, ՀԳԳԱ թղթակից անդամ, Միջազգային տեղեկատվական, Միջազգային էկոլոգիայի ակադեմիաների անդամ Արկադի Գեւորգի Ահարոնյանը։
Դոկտոր Ահարոնյանը հայտնի գյուղատնտես-մոլախոտաբան է։ Տասնյակ տարիներ եղել է բույսերի պաշտպանության ոլորտի առաջամարտիկ։ Ղեկավարել եւ կատարել է բազմաթիվ գիտական թեմաներ՝ առաջարկելով բույսերի վնասակար ֆլորայի դեմ պայքարի նոր, արդյունավետ տեխնոլագիաներ։
ՀԱԱՀ (այն ժամանակ՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ) 1956 թ․ շրջանավարտը անցել է մասնագիտական կարիերայի փառավոր ուղի՝ կոլտնտեսության գլխավոր գյուղատնտեսից մինչեւ Գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոններ, գյուղատնտեսական գիտահետազոտական հաստատությունների բաժնի վարիչ, գլխավոր, առաջատար գիտաշխատող։
Մինչեւ իր բեղմնավոր, պատկառանքի արժանի եւ գեղեցիկ ապրած կյանքի վերջը պարոն Ահարոնյանը ձգտել է օգտակար լինել հայրենի գիտությանը, երիտասարդ գիտնականների ու մասնագետների լայն հանրությանը։
Հայրենիքն ու հարազատ բուհը բարձր են գնահատել գիտության երախտավոր մասնագետի արժանիքները՝ նրան պարգեւատրելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ոսկե մեդալով, Արցախի Հանրապետության Ոսկե մեդալով եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ոսկե մեդալով։
Արկադի Ահարոնյանի՝ գիտնականի, մտավորականի եւ քաղաքացու գեղեցիկ եւ ուժեղ կերպարը միշտ վառ կմնա երկրի գյուղատնտեսական ամբողջ հանրության, Ագրարային համալսարանի նրա գործընկերների եւ նրան ճանաչող բազում մարդկանց հիշողության մեջ։
Արկադի Ահարոնյանի կենսագրությանը կարելի է ծանոթանալ այստեղ։