Հայոց եւ օտար լեզուների բաժանմունքի ժյուրիի անդամներն այսօր՝ մայիսի 25-ին, հայտնվել էին աննախանձելի վիճակում՝ բոլոր աշխատանքները լավն էին: Անգամ շատ լավն էին: Թեեւ շաբաթվա այս մասնաճյուղի զեկուցողներից մեծ գիտական հայտնագործություններ չեն պահանջում (նպատակն ընդամենը օտար լեզուների իմացության լավարկումը, լսարանի առջեւ անկաշկանդ որեւէ թեմա անբռնազբոս ներկայացնելու կարողության սերմանումն է), բայց ե՛ւ փայլուն մտահղացումներ կային, ե՛ւ առինքնող, խնամված խոսք, ե՛ւ ինքնատիպ մատուցումներ: Ընդ սմին, ներկայացված էին Քոչինյանի անվան քոլեջը, հեռակա համակարգը, նույնիսկ բանակից վերադարձած ուսանող կար: Բոլոր թեմաները կապվում էին ոլորտի հետ, նոր էին, թարմ, հետաքրքիր:
Ակնհայտ էր` ամբիոնի աշխատակիցները, ՈՒԳԸ աշխատանքների համակարգող, ավագ դասախոս Անահիտ Վարդանյանի ղեկավարությամբ, ուսանողների հետ աշխատել էին հանգամանորեն-մանրակրկիտ-բարեխիղճ-սիրով: Եւ արդյունքն այն եղավ, որ չէին կարողանում առանձնացնել երեք լավագույնին: Քննարկումը երկար տեւեց: Ի վերջո, քանի որ այս բաժանմունքից լիագումար նիստի ուղեգիր չի տրվում, երկար պայքարից հետո որոշվեց… բոլոր մասնակիցներին շնորհել առաջին կարգի դիպլոմներ: Արժանի էին ե՛ւ դասախոսները, ե՛ւ ուսանողները: Այսքան լավատեսական, բարի, հանդուրժող, փոխադարձ հարգանքով աշխատող միջավայրում միշտ չէ, որ հայտնվում ենք:
Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, գ.գ.թ., դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, դասախոսներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել գիտակրթական շաբաթը ճշմարիտ տոնի վերածելու համար: