Էրազմուս+ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանը ս.թ. մայիսի 2-ից 6-ը հագեցած աշխատանքային շաբաթ է անցկացրել Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում:
Շարժունության սկզբում ՀԱԱՀ դասախոսը հանդիպել է գործընկեր բուհի միջազգային կապերի գրասենյակի ներկայացուցիչներ Էշտելա Վիայրայի, Նունո Բոնժարդիմի եւ Էրազմուսյան ծրագրերի համակարգող Պաուլա Վայգայի հետ:
Դասավանդման փորձի փոխանակման նպատակով Արման Տոնիկյանը քննարկումներ է անցկացրել Տնտեսագիտության դեպարտամենտի դասախոս Ռիկարդո Արրոայի հետ, որը եւ նախապես համաձայնել էր ընդունել հրավիրյալ դասախոսին իր լսարանում:
Պարոն Տոնիկյանը Մինհոյի համալսարանում մագիստրատուրայի ուսանողներին ներկայացրել է ՀՀ բանկային համակարգի առանձնահատկությունները, ագրոոլորտում վարկավորման հնարավորություններն ու շահութաբերության հիմնական ցուցանիշները:
«Առանձին մասնաշենքում գտնվող հարուստ գրադարանը, ուսանողների եւ դասախոսների համար անհատական եւ թիմային աշխատանքների համար գերազանց կահավորված սենյակներն ու լսարանային պայմանները յուրաքանչյուրին պարզապես ներքաշում են կրթահետազոտական գործընթացում»,- Մինհոյի համալսարանի մասին տպավորված պատմում է Ա. Տոնիկյանը:
Էրազմուսյան միջազգային շարժունությունը, իհարկե, հիշարժան է դարձել մեր դասախոսի համար նաեւ պորտուգալական մշակութային բացահայտումներով: