«Բարձրագույն կրթության որակի բարելավման եւ միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից ֆինանսավորվող BioDATA միջազգային ծրագրի շրջանակում, որն իրականացնում է ՀԱԱՀ Գիտական աշխատանքների համակարգման բաժինը, «Բեսթ Վեստերն Փլաս Փարադայս հոթել Դիլիջան» հյուրանոցում օրերս տեղի ունեցավ Կենսաբազմազանության տվյալների թվայնացման եւ կառավարման հնգօրյա ինտենսիվ դասընթաց։
Դասընթացի մոդուլը ստեղծվել է Գլոբալ Կենսաբազամազանության Ինֆորմացիոն միջոցներ (ԳԿԻՄ) միջազգային կազմակերպության ֆինասավորմամբ իրականացվող «Կենսաբազմազանության տեղեկատվության զարգացում» ԵՄ ծրագրի շրջանակում, որը հաջողությամբ ուսուցանվել է ԲիոԴատա ծրագրի մասնակից երկրներից Բելառուսում եւ Տաջիկիստանում։ Դասընթացն իր կառուցվածքով եւ տվյալների թվայնացման ժամանակակից ծրագրակազմերի ընդգրկմամբ (OpenRefine, Data publishing with IPT եւ այլն) առաջին անգամ է անցկացվում Հայաստանում եւ տարածաշրջանում։
Դասընթացի նպատակն էր բարձրագույն կրթության ագրարային, բնապահպանական եւ կենսաբանական ոլորտների շահագրգռված ուսանողներին եւ մասնագետներին ուսուցանել կենսաբազմազանության տվյալների կառավարման եւ հրատարակման կենսա-թվայնացման ժամանակակից մեթոդներն ու հմտությունները։
Դասընթացին մասնակցեցին առաջին փուլում ոլորտով հետաքրքրված եւ մրցույթը հաղթահարած ՀԱԱՀ 11 ուսանողներ եւ 7 հետազոտողներ ՀԱԱՀ-ի եւ այլ գիտական հաստատություններից։
Դասընթացվարներին՝ Օսլոյի համալսարանից Դագ Անդերսոնին (Նորվեգիա) եւ ԳԿԻՄ միջազգային կառույցի փորձագետ Լոռա Ռասելին (Դանիա) տեխնիկակամ մեծ աջակցություն ցուցաբերեցին ԲիոԴատա ծրագրի տեղական մենթորներ Տաթեւիկ Ալոյանը (Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ մասնաճյուղի գիտաշխատող, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի ասիստենտ) եւ Հրանտ Խաչատրյանը (Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ)։
Մասնակիցները առաջին օրը ծանոթացան տվյալների թվայնացման հիմունքներին, եզրաբանությանը, չափորոշիչներին եւ նորագույն գործիքներին։ Երկրորդ օրն ուսումնասիրեցին Դարվինյան կորը, կենսաբազմազանության տվյալների աղբյուրները եւ տեսակները, տվյալների մաքրման հասկացությունները եւ գործիքները, կատարեցին անհատական աշխատանքներ, որոնց ընթացքում աշխատեցին տրամադրված տվյալների բազաների հետ։
Հաջորդող 3 օրերը ունեին մեծամասամբ գործնական բնույթ։ Նախ մասնակիցները կատարեցին դաշտային աշխատանքներ՝ Դիլիջան ազգային պարկում՝ հավաքելով անհրաժեշտ տվյալներ, որոնք ներմուծեցին ընդհանուր համակարգ։ Ապա կատարվեցին նաեւ տվյալների մաքրագրման եւ հրապարակման աշխատանքներ OpenRefine եւ IPT ծրագրակազմերով։
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին հավաստագրեր, լավագույններին՝ նաեւ հատուկ մրցանակներ։ Ըստ խմբերի՝ լավագույն մասնակիցներ էին ընտրվել Ագրոնոմիական ֆակուլտետի Ա/ՍԳ 5-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Սումբուլյանը, ԱԷ 5-րդ կուրսի ուսանողուհի Սարե Գալստյանը, ՋԱ 2-րդ կուրսի ուսանող Արտյոմ Գասպարյանը, Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ՊԳԿ 2-րդ կուրսի ուսանողուհի Մարգարիտա Սաֆարյանը։ Մասնակիցները հատուկ շնորհակալություն հայտնեցին դասընթացավարներին, իսկ նախաձեռնող կողմը, որպես լավագույն գործընկերոջ, հուշանվերներ հանձնեց ԲիոԴատա ծրագրի ազգային համակարգող Արմինե Աբրահամյանին, որն էլ իր հերթին անակնկալներ ուներ մեր արտասահմանյան հյուրերի համար։
«Ամփոփելով կատարված աշխատանքների արդյունքները՝ միջազգային դասընթացավարները ուրախությամբ նշեցին, որ ԲիոԴատա ծրագրի շրջանակում այսպիսի բարձր արդյունավետությամբ դասընթաց դեռ չի եղել եւ հայաստանյան խմբի արդյունքները մի քանի ցուցանիշներով գերազանցել են այլ երկրների խմբերի արդյունքները։ Այս գնահատականը պարտավորեցնող է»,- ասում է ազգային համակարգող Արմինե Աբրահամյանը։
Ծրագրի գործընկերների՝ Օսլոյի համալսարանի հետազոտական կենտրոնի տնօրեն Հյուգո դը Բոերի եւ ԳԿԻՄ միջազգային քարտուղարության գիտության գծով պատասխանատու Դմիտրի Շիգելի հետ հանդիպման ժամանակ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը բարձր գնահատեց տվյալների թվայնացման ժամանակակից մեթոդների ներմուծումը ՀԱԱՀ գիտակրթական համակարգ։ Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները։